Հոկտեմբերի 16-ին Ջոբսի հիշատակման արարողությունը փակ կանցնի
Apple-ը` ՏՏ ինդուստրիայի որոշ առաջնորդների, հրավիրել է Սթիվ Ջոբսի հիշատակման փակ արարողությանը, որը տեղի կունենա կիրակի երեկոյան` Սթենֆորդի համալսարանում: Այս մասին հայտնել է Wall Street Journal պարբերականը հղում անելով որոշ հրավիրյալների:
Հիշեցնենք որ, Apple-ի լեգենդար ղեկավարի թաղման արարողությանը` հոկտեմբերի 8-ին, մասնակցել են միայն փոքր շրջանակի մտերիմները: Apple-ը և Ջոբսի ընտանիքը հայտարարել էին, որ տեխնոլոգիական հսկայի հիշատակին նվիրված հասարակական միջոցառումներ չեն նախատեսվում:
Wall Street Journal-ի մոտ հայտնված հրավիրատոմսից կարելի է ենթադրել, որ Ջոբսի ընտանիքը, ամեն դեպքում, որոշել է բացառություններ անել: Apple-ի ներկայացուցիչը պարբերականին ասել է, որ արարողությունը կլինի մասնավոր և փակ, այնտեղ հայտնվել հնարավոր կլինի միայն հատուկ հրավիրատոմսերով:
Հրավիրվածներին խնդրել են նախապես հավաստել իրենց մասնակցությունը Emerson Collective բարեգործական կազմակերպությունում, որի հիմնադիրը Ջոբսի կինն է` Լորեն Ջոբսը:










