Ճապոնացիները պատճենահանում են մարդկային դեմքերը` պատրաստելով 3D դիմակներ
Ճապոնացի գյուտարարները փորձում են արհեստական դեմքերի նորաձևություն մտցնել: Real-f ընկերությունը հաճախորդներին առաջարկում է պատվիրել իրենց գլխի եռաչափ պատճենը: Ընկերության կայքում տեղադրված նկարներին նայելով` կարելի է հավաստել, որ պատճենները շատ բնական են թվում, ինչն էլ ամենաշատն է վախեցնում: Այս մասին հայտնում է real-f.jp-ն:
Մեկ «դիմակի» արժեքը կազմում է 3920 դոլար: Այս գումարի դիմաց մասնագետները վերցնում են մարդու դեմքի ճշգրիտ չափսերը, իսկ հետո, պինդ վինիլից պատրաստում դրա եռաչափ պատճենը: Ցանկացողները կարող են պատվիրել նաև իրենց գլխի և ուսերի պատճենը, բայց գինն այս դեպքում կկազմի 5875 դոլար:
Գյուտարարները նոր մոդելն անվանում են 3 DPF (3 Dimensional Photo Form): Գործընթացը նրանք նկարագրում են որպես «մարդու լուսապատճենահանում»:
Այս առաջակը առաջինը չէ շուկայում: Պարզապես ճապոնացիների կողմից առաջարկած «դիմակները» ավելի բնական են:
Բազմաթիվ մարդիկ, ովքեր ծանոթացել են Real-f ընկերության արտադրանքին նշում են, որ նման «դիմակները» սարսափելի են թվում: Իսկ թույլ նյարդեր ունեցողները խոստովանել են, որ չէին կարողանա քնել նման «դիմակի» հետ մեկ սենյակում:










