Գերհամակարգիչները՝ գերտերությունների գերակայություն
Աշխարհի առաջատար երկրների միջև ծավալվում է գերհամակարգիչներ ունենալու մրցություն, կարծում է Nvidia–ի նոր տեխնիկական տնօրեն Սթիվ Սքոթը։ Նրա խոսքով, տարբեր երկրների կառավարությունները շտապում են ստեղծել մի քանի էկզաֆլոփ (1 էկզաֆլոփը 1 վայրկյանում կատարված միլիարդ մաթեմատիկական գործողությունն է) արտադրողականությամբ համակարգիչներ, ինչն այդ երկրներին թույլ կտա մյուսների համեմատ տնտեսական առավելություն ստանալ։ «Դա իրապես կրիտիկական է ինդուստրիալ ոլորտում առավելություն ստանալու համար, ներկայումս ռազմական առավելություն ստանալն ամենակարևոր բանը չէ»,– ասել է Սքոթը Financial Times–ին։
Նախորդ շաբաթ Nvidia–ն ստացել է 18 հազ. գրաֆիկական պրոցեսորների մատակարարման պատվեր։ Դրանք անհրաժեշտ են ԱՄՆ–ի Թենեսի նահանգում գտնվող Օուկ–Ռիջի Ազգային լաբորատորիայի գերհամակարգիչն արդիականացնելու համար։ Դրանից հետո գերհամակարգիչը Jaguar–ից կվերածվի Titan–ի, նրա արտադրողականությունը ներկայիս 2–ի փոխարեն կհասնի 20 պետաֆլոփի (20 մլն մլրդ մաթեմատիկական գործողություն վայրկյանում)։
ԱՄՆ–ի իշխանությունները ձգտում են, որ 2019թ.–ին Titan-ը հասնի 1 էկզաֆլոփ (1 000 պետաֆլոփ) հզորության։ Չինաստանը, Եվրոմիությունը, Հնդկաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը նույպես ցանկանում են ունենալ նման արտադրողականության գերհամակարգիչներ։
«Դա դարձել է կառավարությունների իրական գերակայությունը։ Աշխարհում աճում է այն ընբռնումը, որ հենց բարձրակարգ համակարգչային տեխնիկայում է տնտեսական մրցունակության հիմքը»,– ասել է Սքոթը։
Ըստ «Վեդոմոստի»–ի, գերհամակարգիչներն ընձեռում են ճշգրիտ մոդելներ ստեղծելու հնարավորություն, ինչը պահանջված է ամենատարբեր ապրանքներ ստեղծելիս՝ ավելի կատարելագործված շարժիչների մշակումից մինչև նոր նյութերի և դեղերի հայտնաբերումը։










