McLaren-ը «ամենա-ամենա» հիպեր մեքենան է արտադրելու
McLaren-ում աշխատում են F1 սուպերմեքենային արժանի հետնորդ ստեղծել:
Ավտոարտադրողի հավակնոտ ծրագրերի համաձայն՝ այն պետք է «ամենա-ամենա»-ի մյուս բոլոր թեկնածուներից առաջ անցնի՝ հետևում թողնելով նույնիսկ Bugatti Veyron-ի, Porsche 918 Spyder-ի և Ferrari Enzo-ի նման ուժեղ ախոյաններին:
McLaren-ի ապագա ֆլագմանի նախատիպն արդեն ընթացային փորձարկումներն է անցնում` հաղորդում է Autocar ամսագիրը:
Սուպերմեքենան արդեն փորձարկվել է Իսպանիայի փակ մրցուղիներում, այժմ պատրաստվում է հաջորդ թեսթային փորձարկմանը` Գերմանիայում:
Մեքենան Բահրեյնի կիզիչ արևի տակ նաև ջերմաստիճանային դիմացկունության փորձությունն է անցել:

Նախնական տվյալներով՝ հիպերմեքենան կունենա 800 ձիաուժ հզորությամբ և 5 լիտր ծավալով շարժիչ, 7 աստիճան և 2 կցորդիչով փոխանցումատուփ:
Արտադրողը հույս ունի, որ իր առաջատարը կկարողանա 100 կմ/ժ արագության հասնել 2.8 վայրկյանից քիչ ժամանակում, իսկ մինչև 320 կմ/ժամ արագության կհասնի ոչ ավելի, քան 20 վայրկյանում:
Նոր McLaren-ը կկառուցվի ածխամանրաթելային հենքի վրա` նախորդ МР4-12С մոդելի նման: Կհամալրվի ալյումինե կախոցներով: Նաև կստանա հատուկ նախագծված, անջատելու հնարավորությամբ ինքնաբլոկավորող համակարգ, և ուժի փոխանցման 5 աստիճան փոխարկիչ:

Որոշ տեղեկություններով՝ նոր հիպերմեքենան կգրոհի շուկան 2014 թվականին, և նրա արժեքի նախնական գնահատումները՝ 400 հազար ֆունտի սահմաններում, սխալ են։ Այժմ խոսվում է 1մլն ֆունտի մասին: Մեքենաները կարտադրվեն շաբաթական 2-3 օրինակով` 4 տարի շարունակ: Մեքենաների ընդհանուր թիվը չի անցնի 500-ից:










