Google-ը և Samsung-ը պաշտոնապես ներկայացրեցին «գուգլֆոնը» (տեսանյութ)

10:47 • 19.10.11

Google-ը և Samsung–ը հոկտեմբերի 19–ին Հոնգկոնգում կայացած շնորհանդեսում ներկայացրել են Galaxy Nexus սմարթֆոնը, որն աշխատում է Android Ice Cream Sandwich գործառնական համակարգի հիման վրա, հայտնում է CNet News–ը։

Galaxy Nexus–ն աշխատում է 1,2 գիգահերց հաճախականություն ունեցող Cortex A9 երկմիջուկ պրոցեսորով և համալրված է 4,65 դյույմանոց և 1280x720 փիքսել կետայնությամբ Super AMOLED էկրանով, երկու ֆոտոխցիկներով (5 և 1,3 մեգափիքսել), 1 գբ օպերատիվ հիշողությամբ և տվյալների պահպանման 32 գիգաբայթանոց կրիչով։ Galaxy Nexus–ը կշռում է 135 գ, ունի 8,94 մմ հաստություն։

Android–ի նոր տարբերակը նախորդներից տարբերվում է նրանով, որ կարող է օգտագործվել ինչպես սմարթֆոններում, այնպես էլ՝ պլանշետային համակարգիչներում։

Նոր սմարթֆոնում Ice Cream Sandwich–ը թույլ է տալիս արգելաբացել էկրանը դեմքեր ճանաչելու տեխնոլոգիայի միջոցով, ինչպես նաև ներառում է Android Beam կոչվող NFC–ծառայությունը (Near Field Communication-մոտակա դաշտի հաղորդակցություն), որի միջոցով մեկ սեղմումով երկու «գուգլոֆոններ» կարող են փոխանակել տեսահոլովակներ և ծրագրային հավելվածներ։

Galaxy Nexus–ը նոյեմբերի սկզբին կսկի վաճառվել ԱՄՆ–ում, Եվրոպայում և ասիական երկրներում։ Սարքի գինն առայժմ չի հրապարակվել։

 

Google-ը և Samsung-ը պաշտոնապես ներկայացրեցին «գուգլֆոնը» (տեսանյութ)