Պատանեկության տարիներին հերթափոխով աշխատելը հանգեցնում է ցրված սկլերոզի

12:33 • 20.10.11

Հերթափոխով աշխատանքը և չկարգավորված աշխատանքային օրը դեռահաս տարիքում մեծացնում է ցրված սկլերոզ ձեռք բերելու հավանականությունը: Այս եզրահանգմանն են եկել Կարոլինայի բժշկական ինստիտուտի գիտնականները, որոնք իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Annals of Neurology պարբերականում:

Ցրված սկլերոզը կապ չունի ծերունական սկլերոզի հետ: Սկլերոզն այս դեպքում նշանակում է «սպի»: Հիվանդության տարբերակիչ առանձնահատկությունը ողջ նյարդային համակարգով ցրված և առանց օջախների որոշակի տեղայնացման սկլերոզի առկայությունն է։ Սեփական իմունային համակարգը սկսում է «հարձակվել» նյարդային համակարգի վրա`ցավ առաջացնելով մարմնում:

Հերթափոխով աշխատանք է համարվում երեկոյանը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 07:00-ն։

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է 16-70 տարեկան 14.000 շվեդի առողջական վիճակը:

Արդյունքում`մինչև 20 տարեկան այն անձանց մոտ, ովքեր 3 և ավելի տարի աշխատել են հերթափոխով, ցրված սկլերոզ ձեռք բերելու վտանգը 2 անգամ ավելի է, քան նրանց, ովքեր աշխատել են սովորական աշխատանքային գրաֆիկով:

«Հերթափոխով աշխատելիս խախտվում են մարդու բիոլոգիական ժամերը: Հայտնի է, որ հերթափոխով աշխատողներն ավելի վատ են քնում, և այս ամենը ազդում է իմունային համակարգի վրա այնպես, որ տարիների ընթացքում առաջանում է ցրված սկլերոզ»,- նշել է բժիշկ Աննա Հեդստրյոմը՝ ավելացնելով, որ ցրված սկլերոզի զարգացման միտում հերթափոխով աշխատող տարիքով մարդկանց մոտ չի նկատվել:

 

Պատանեկության տարիներին հերթափոխով աշխատելը հանգեցնում է ցրված սկլերոզի