Ջոբսը, որը հանուն iPhone-ի պատրաստ էր ջերմամիջուկային պատերազմ սկսել Android-ի դեմ

12:52 • 21.10.11

Հոկտեմբերի սկզբին կյանքից հեռացած ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի առաջին պաշտոնական կենսագրականը լույս կտեսնի հոկտեմբերի 24–ին։ Գրքի հեղինակն ամերիկյան CNN հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Ուոլթեր Այսաքսոնն է։

Երեկ, սակայն, ամերիկյան AP գործակալությունը հայտարարեց, թե արդեն ձեռք է բերել Ջոբսի մասին պատմող վերոնշյալ գիրքը և որոշ հատվածներ հրապարակեց այդ գրքից։

Հրապարակված հատվածները բացահայտում են Սթիվ Ջոբսի և Էրիկ Շմիդտի հարաբերությունների գաղտնիքները։ Նշենք, որ Շմիդտը լքել էր Apple ընկերության տնօրենների խորհուրդը և համալրել մրցակից՝ ամերիկյան Google ընկերության տնօրենների խորհրդի շարքերը հենց այն ժամանակ, երբ երկու ընկերություններն առաջատար մրցակիցներ էին դարձել սմարթֆոների արտադրության ոլորտում։

Հենց այդ ժամանակահատվածում Apple–ը շուկա էր հանել iPhone–ը, իսկ Google–ը հակահարված էր տվել Android գործառնական համակարգով, ինչը Ջոբսը «խոշոր չափերի հափշտակություն էր անվանել»։

«Եթե  պետք լինի, ես մինչև վերջին շունչս կպայքարեմ և Apple-ի 40 մլրդ դոլարը մինչև վերջին կոպեկը կծախսեմ՝ այդ անարդարությունը «շտկելու» համար։ Ես կոչնչացնեմ Android–ը, քանի որ դա գողացված է ապրանքատեսակ է։ Ես պատրաստ եմ իսկական ջերմամիջուկային պատերազմ սկսել»,– ասել էր Ջոբսը։

Գրքում Այսաքսոնը պատմել է, որ Ջոբսը գաղտնի հանդիպել է Շմիդտի հետ Կալիֆոռնիայում։ Հանդիպման ժամանակ Ջոբսը հրաժարվել է, փոխհամաձայնության դիմաց, հետ վերցնել Google–ի դեմ ներկայացված հայցը։  Ջոբսը հայտարարել է, որ ինքը հրաժարադրամ չի վերցնի, եթե դա նույնիսկ 5 մլրդ դոլար լինի։ «Դա ինձ պետք չի։ Ես բավական փող ունեմ։ Ես ցանկանում եմ, որ դու դադարես օգտագործել մեր գաղափարները Android–ում։ Սա է ամենը, ինչ ուզում եմ»,– ասել էր Ջոբսը։

Իսկ ամերիկյան մեկ այլ՝ The Wall Street Journal պարբերականը գրում է, որ գիրքն այլ գաղտնիքներ ևս բացահայտելու է Ջոբսի կյանքից. օրինակ այն, որ նրան դպրոցում միշտ «ձեռք են առել» կամ որ նա դադարել է եկեղեցի այցելել 13 տարեկանում, երբ տեսել է Life Magazine ամսագրի շապիկին պատկերված սովյալ երեխաների նկարները, կամ էլ որ նրա ամենասիրելի երաժշտական խումբը բրիտանական The Beatles–ն է եղել և այլն։

Ամերիկացի մեծ ինժեների կյանքի մասին պատմող գրքեր նախկինում էլ լույս են տեսել, սակայն դրանք ոչ պաշտոնական հրատարակություններ են եղել։ Այդ գիրքը ստեղծելու համար Ջոբսը համաձայնել է հեղինակին 40 հարցազրույց տալ, թույլ է տվել շփվել ընտանիքի անդամների հետ։ 

Ջոբսը, որը հանուն iPhone-ի պատրաստ էր ջերմամիջուկային պատերազմ սկսել Android-ի դեմ