VivaCell-MTS-ի և Orange-ի բաժանորդները կարող են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին իրենց հարցերի պատասխանն ստանալ SMS-ով
VivaCell-MTS և Orange բջջային օպերատորները Հայկական Կարմիր խաչի և ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի հետ միասին ձեռնարկում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված համատեղ գործողություններ։ Այսօրվա համատեղ ասուլիսին ազդարարվեց «Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ գիծ» ծրագրի մեկնարկը:
2011թ. հունիսի 1-ից Հայկական կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) և ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ գիծ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է անդրադառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության իրազեկվածության խնդրին, արձագանքել հարցերին և նվազեցնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկատվության տարածումը, խարանն ու խտրականությունը:
Ծրագրի շնորհիվ այսօրվանից VivaCell-MTS և Orange բջջային օպերատորների բոլոր բաժանորդները հնարավորություն կունենան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին առնչվող իրենց հուզող հարցն անանուն ուղղել տրամադրված 6428 կարճ համարին (1 SMS-ի արժեքն է 0 դրամ) և 24 ժամվա ընթացքում ստանալ ճշգրիտ ու հակիրճ պատասխան:
ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի կողմից պատրաստված ՀԿԽԸ երիտասարդ կամավորների ուժերով կսահմանվի շուրջօրյա ծառայություն` հարցերին ինտերֆեյս ծրագրի միջոցով արագ արձագանքելու, հատուկ ստեղծված կայքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին հավելյալ տեղեկություններ տրամադրելու ինչպես նաև համապատասխան ինտերնետային կայքերին հղումներ կատարելու նպատակով:
VivaCell-MTS-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարևորեց նման ծրագրի մեկնարկը և նշեց. «ՁԻԱՀ-ի դեմ երկարատև պայքարում մենք ևս մեկ անգամ ձեռք ենք մեկնում Հայկական Կարմիր խաչի ընկերությանը: Հույս ունենք, որ այս նոր նախաձեռնությունը` SMS տեղեկատվական գիծը, կօգնի կանխել անիրազեկությունը և փոխել մարդկանց կենսակերպը: Կուզենայի նաև կոչ անել հայաստանյան մասնավոր հատվածի ներկայացուցիչներին միանալու մեր նախաձեռնությանը»:
Orange Արմենիայի Գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ողջունեց ներկաներին և ասաց. «Մենք աջակցում ենք այս ծրագրին նախ հանրային օգուտի համար՝ պայքարելու այն հիվանդության դեմ, որը Հայաստանում էլ կա։ Բացի դրանից մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության հիմքում ընկած է մեր տեխնոլոգիաները հանրային օգուտի համար օգտագործելու գաղափարը»:
ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: ՄԻԱՎ վարակն առաջին անգամ արձանագրվել է 1981թ.-ին` ԱՄՆ-ում: Այսօր այն տարածվել է բոլոր մայրցամաքներում` վերածվելով գլոբալ համաճարակի: 2009թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում արդեն կար մոտ 33,3մլն ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև Հայաստանի համար: Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից:
1988թ. մինչև 2011թ. օգոստոսի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1100 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 747 մարդ (71,8%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 293 դեպք (28,2%): ՄԻԱՎ վարակի 22 դեպք (2,1%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 57,6%-ը 25-39 տարիքային խմբում է:
Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ գծի մասին հանրությանը տեղեկացնելու նպատակով, նախատեսվում է ծրագրի ամբողջ ընթացքում իրականացնել ազգային տեղեկատվական քարոզարշավ` թռուցիկների և պաստառների տարածում, տեղեկատվություն սոցիալական ցանցերում, հայտարարություններ ռադիոյով և հեռուստատեսությամբ:
Ծրագիրն իրականացվում է VivaCell-MTS և Orange բջջային կապի օպերատորների հետ համագործակցությամբ: Ծրագրին աջակցում է նաև «Նիկիտա Մոբայլ» ՍՊԸ-ն:










