2015-ին շարժական սարքերի ինտերնետ թրաֆիկի ծավալը կգերազանցի համակարգիչների ինտերնետ թրաֆիկին

19:12 • 22.10.11

2015թ. շարժական սարքերի ինտերնետ թրաֆիկի ծավալը կգերազանցի համակարգիչների ինտերնետ թրաֆիկի ծավալը, իսկ արդեն 2013թ. շարժական սարքերի ինտերնետ թրաֆիկի առնվազն կեսը բաժին կընկնի տեսաթրաֆիկին։ Այս մասին հայտնեց լիցենզիոն բովանդակության օնլայն հասանելիության ծառայություններ մատուցող ivi.ru կայքի համահիմնադիր, Rambler-ի նախկին առևտրային տնօրեն Աննա Զնամենսկայան՝ օնլայն-վիդեոյին նվիրված և «Մեդիամաքս» մեդիա ընկերության կազմակերպած հանդիպմանը։

Նրա խոսքով, եթե 2006թ. ինտերնետ-վիդեոն դիտվում էր առիթից առիթ և վատորակ էր, ապա ներկայում այս դիտվում է պարբերաբար, գիտակցված և ունի բարձր որակ։ Եթե 2011թ. օգոստոսին Ռուսաստանում օնլայն տեսանյութեր է դիտել 15-ից ավելի բարձր տարիք ունեցող 42,3 մլն մարդ կամ ինտերնետ լսարանի 85%-ը, ապա 3 տարի առաջ այդ ցուցանիշը 20% էր։ Դրա վրա նրանցից յուրաքանչյուրը ծախսել է 12 ժամ։

Ըստ Զնամենսկայայի, 2010թ. Ռուսաստանում ինտերնետ-գովազդի համար ծախսված 900 մլն դոլար գումարից 19,8 մլն դոլար գումարը կամ ընդհանուրի 2,2%-ն ուղղվել է տեսագովազդի ոլորտ, կանխատեսվում է, որ 2011թ. այդ ցուցանիշը կկազմի 40-45 մլն դոլար, իսկ 2012թ.՝ մոտ 100 մլն դոլար։

Նշվեց, որ ինտերնետ-տեսագովազդի զարգացմանը խոչընդոտում է այն հանգամանքը, որ դեռևս գրանցում չպահանջող կայքերում չկան կայքերի այցելուների սոցիալ-ժողովրդագրական տվյալները չափող գործիքներ, ինչպես նաև գովազդատուների շրջանում գովազդի այդ տեսակի մասին իրազեկության ցածր մակարդակը։

2015-ին շարժական սարքերի ինտերնետ թրաֆիկի ծավալը կգերազանցի համակարգիչների ինտերնետ թրաֆիկին