Գիտությանը 2012-ին բյուջեից կհատկացվի 7 տոկոսով ավելի գումար
Գիտության հատկացումները եկող տարի կավելանան 7 տոկոսով` կազմելով 10,3 միլիարդ դրամ՝ այս տարվա 9,4 միլիարդի դիմաց: Գումարների մի մասը կծախսվի աշխատավարձերի բարձրացման վրա, մոտ 7 տոկոսով կավելանան աշխատավարձերը, մի մասն էլ` միջազգային ծրագրերի խթանման վրա, վերջիններիս դեպքում յուրաքանչյուր ծախսված մեկ դոլարը կբերի 3 դոլար։ Այս մասին այսօր ասաց ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա կարևորեց նաև մասնավոր սեկտորի համագործակցությունը գիտության հետ` հավելելով, որ մասնավոր սեկտորը դարձել է ավելի կիրթ, և գիտակցում է այն շահույթը, որ կարելի է ստանալ գիտության հետ համագործակցությունից: Զարգացած երկրներում գիտության վրա պետության կատարած ներդրումները չեն անցնում 15-20 տոկոսը, մնացածը մասնավոր սեկտորն է ֆինանսավորում՝ դրանով նպաստելով գիտության զարգացմանը:
Անկախ գիտական ամսագրերը ներկայացրել են ՀՀ-ի մասին ցուցանիշ. քսան տարվա ընթացքում միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական աշխատանքների թվաքանակով և հղումների թվաքանակով ՀՀ-ն ԱՊՀ-ում առաջին տեղում է` գերազանցելով Ռուսաստանին մոտ 10-15 տոկոսով:
«Սակայն ես դա չեմ համարում լուրջ ձեռքբերում, մենք ավելին կարող ենք, հատկապես երբ իրականացվի Քենդլ ծրագիրը և միջուկային բժշկության ծրագիրը»,- ասաց Սամվել Հարությունյանը:










