Հայաստանում արագացուցչի կառուցմամբ թռիչքային զարգացում կապրեն բնական գիտությունները. Սամվել Հարությունյան
«Հայաստանը մասնակցում է միջազգային մի շարք գիտահետազոտական ծրագրերի, որոնց նախաձենողը հենց Հայաստանն է եղել։ Դրանցից ամենակարևորը «Քենդլ» ծրագիրն է, որը ՀՀ կառավարության որոշմամբ գիտության և առաջատար տեխնոլոգիաների բնագավառում ստացել է ռազմավարական գերակայության կարգավիճակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով` կարևոր համաձայնագրեր ստորագրելու առումով 2011թ-ը կարելի է բեղումնավոր համարել: Մոտ քսան միջազգային համաձայնագրեր են ստորագրվել ՌԴ, Ֆրանսիայի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի հետ, շուտով կստորագրվեն համաձայնագրեր Շվեյցարիայի և Ուկրաինայի հետ: Ըստ Սամվել Հարությունյանի՝ ամենաառանցքային ձեռքբերումը գծային արագացուցչի կառուցման շուրջ համաձայնությունն է՝ զուգորդված մասնագետների վերապատրաստումներով: Ստացվել են 3 միլիոն եվրոյի սարքավորումներ Գերմանիայից, սկսվել է գծային արագացուցչի շինարարությունը, որը կավարտվի 2013-ին, և արագացուցչի օղակի շինարարությունը, որը կավարտվի 2016-ին: Ծրագրի ընդհանուր արժեքն է 60 միլիոն եվրո: Կառավարությունը նույնպես տրամադրել է ֆինանսական միջոցներ գծային արագացուցչի շինարարության համար: Հայաստանում կառուցվելիքը լինելու է երրորդ սերնդի արագացուցիչ:
«Ես հույս ունեմ, որ այս արագացուցչի կառուցումից հետո մենք թռիչքային զարգացում կունենանք, հատկապես բնական գիտությունների զարգացման ոլորտում»,- ասաց Սամվել Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ Ֆրանսիայի Ազգային հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ երկու մրցույթ է անցկացվել, որոնց արդյունքում ստեղծվել են հայ-ֆրանսիական գիտական լաբորատորիաներ, իրականացվում է ռեգիոնալ ծրագիր` ներառելով Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, որի շրջանակում կիրականացվի համատեղ թեզերի պաշտպանություն:










