Գիտության ոլորտի երիտասարդացման վրա ամեն տարի ծախսվում է մոտ 100 միլիոն դրամ
«Գիտության ոլորտում երիտասարդացման ծրագիրն անպայման պետք է իրականացվի, և մենք արդեն իրականացնում ենք։ Մասնավորապես ՀՀ-ում իրականացվող բոլոր գրանտային ծրագրերում պարտադիր պայմաններից մեկն այնէ, որ ծրագրում պետք է ընդգրկված լինի մինչև 30 տարեկան գիտաշխատող»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:
Նրա խոսքով` կան նաև շատ ծրագրեր՝ նախատեսված մինչև 30 տարեկան երիտասարդների համար, օրինակ` ասպիրանտների աջակցման ծրագիր, որին միացել է նաև մասնավոր հատվածը` «Ֆլեշ» ընկերությունը` «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի միջոցով:
Երիտասարդացման ծրագրերի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նաև միջազգային մի շարք հայկական կառույցներ, մասնավորապես ԱՄՆ «Հայ ճարտարագետների միություն»-ը: ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո իրականացվում է երիտասարդ գիտաշխատողների համար բնակարանային շինարարության ծրագիր:
«Իհարկե մեր իրականացրած միջոցառումները դեռ բավարար չեն, որ արմատապես լուծվի գիտության մեջ երիտասարդների ներգրավվածության հարցը, բայց կամաց-կամաց բյուջեի մեծացմանը զուգընթաց այս ծրագրերն ավելի լուրջ բնույթ են կրելու»,- ասաց Սամվել Հարությունյանը` հավելելով, որ ամեն տարի գիտության ոլորտի երիտասարդացման վրա ծախսվում է մոտ 100 միլիոն դրամ:
Ըստ Սամվել Հարությունյանի` այն փիլիսոփայական կատեգորիան, որ կեցությունն է պայմանավորում գիտակցությունը, որոշ դեպքերում այդքան էլ չի աշխատում, քանի որ երբ երիտասարդը տեսնում է, որ իր թիկունքին կանգնած է պետությունը և իր հետ հաշվի է նստում` վստահելով գիտական թեմաներ և ծրագրեր, դա շատ հաճախ ավելի մեծ արդյունք է տալիս, քան շատ մեծ աշխատավարձը: Ներկայումս գիտական գրանտային ծրագրերի մոտ 35 տոկոսը ղեկավարում են մինչև 30 տարեկան 50-60 երիտասարդներ:
«Համոզված եմ, որ նրանց զգալի մասը կմնա ու կաշխատի Հայաստանում` դառնալով գիտության լիդեր: Չկարծեք, թե այդքան հեշտ է դրսում ապրելը, երբ դու օտար ես և ունես էմիգրանտի հոգեբանություն»,- ասաց Սամվել Հարությունյանը` հավելելով, որ իրենց ստացած 150. 000 դրամը մեծ գումար չէ, բայց ավելի ոգևորում է այն, որ իրենց լուրջ գիտական ծրագրեր են վստահում:










