Սթիվ Ջոբսը հիանում էր Ցուկերբերգով, որովհետև նա չծախվեց
60 Minutes հաղորդմանը տված հարցազրույցում Սթիվ Ջոբսի կենսագիր Ուոլտեր Այզեկսոնը հնարավորություն է տվել հեռուստադիտողներին իր ու Ջոբսի զրույցներից հատվածներ լսել: Դրանցից մեկում Apple-ի հիմնադիրը խոսում է մրցակիցների նկատմամբ իր վերաբերմունքի մասին: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։
«Շատ եմ հարգում Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին. մենք խոսում ենք սոցցանցերի մասին հոգնակի թվով, բայց ես տեսնում եմ միայն Facebook-ը: Հարգում եմ Ցուկերբերգին, քանի որ նա ոչ մեկին չծախվեց և ուզում է կառուցել լուրջ ընկերություն»,- ասել է Ջոբսը:
TechCrunch տեխնոբլոգը հաղորդում է, որ Ջոբսը հանդիպել է նաև Google-ի ներկայիս ղեկավար Լարի Փեյջի հետ ու նրան մի քանի խորհուրդ տվել: «Չկրկնես Microsoft-ի սխալները. չծավալես գործունեություն մի քանի ոլորտներում, այլ կկենտրոնանաս մի ուղղությամբ»,- ասել է Ջոբսը: Նա նաև խորհուրդ է տվել Փեյջին շատ բարի չլինել գլխավոր տնօրենի դերում:
Հիշեցնենք, որ Ջոբսը մահացավ հոկտեմբերի 5-ին՝ 56 տարեկան հասակում:










