Google ընկերությունը 13600 դոլար է վճարել Google Chrome-ի խոցելի կետերը գտնողին
Google ընկերությունը 13.6 հազար դոլար է վճարել ռուսաստանցի ՏՏ մասնագետ Սերգեյ Գլազունովին Google Chrome բրաուզերի խոցելի կետերը հայտնաբերելու համար:
РИА Новости-ն տեղեկացնում է, որ Google-ը համակարգչային անվտանգության մասնագետներին ընդհանուր առմամբ վճարել է ավելի քան 26.5 հազար դոլար:
Մեծ գումար է ստացել նաև miaubiz ծածկանունով հակերը. նրան վճարվել է 10.3 հազար դոլար:
Ըստ Computerworld պարբերականի , Գլազունովը և miaubiz-ը պարբերաբար հայտնաբերում են Google Chrome-ի խոցելի կետերը: Նրանք այս տարվա ընթացքում գտել են դրանց 57%-ը: Computerworld-ը նշում է, որ Google-ն այս տարի վճարել է ավելի քան 170 հազար դոլար խոցելիությունը բացահայտելու համար:
Խրախուսման նմանատիպ ծրագրեր ունեն նաև ՏՏ ոլորտի այլ ընկերություններ: Այսպես օրինակ, Mozilla-ի ներկայացուցիչները խոստանում են խոցելի կետերը գտնելու համար վճարել 5 հարյուրից 3 հազար դոլար:
Facebook-ի ներկայացուցիչները օգոստոսի վերջին հայտարարել են, որ նմանատիպ ծրագրերի շրջանակում նրանք այդ ծրագրի մեկնարկից սկսած մեկ ամսվա ընթացքում արդեն վճարել են ավելի քան 40 հազար դոլար, և մեկ մասնագետին մեկ խոցելի կետը հայտնաբերելու համար վճարված գումարի մաքսիմալ չափը կազմել է 7000 դոլար:










