Nokia–ն ներկայացրեց Windows–ով աշխատող երկու նոր սմարթֆոն

20:16 • 26.10.11

Այսօր Լոնդոնում տեղի ունեցած Nokia World 2011 կոնֆերանսում ընկերության նախագահ և գլխավոր տնօրեն Սթիվեն Էլոփը ներկայացրել է Microsoft Windows Phone 7 գործառնական համակարգով միանգամից երկու սմարթֆոն՝ նախկինում հայտարարված մեկի փոխարեն։

Ըստ «Վեդոմոստի»–ի, նա Nokia Lumia 800–ը համարել է «առաջին իսկական Windows-հեռախոս»–ը՝ դրանով ընդգծելով, որ ընկերությունը ձգտելու է վերադարձնել առաջատարի դիրքը սմարթֆոնների շուկայի գնային վերին հատվածում։ Այդ սմարթֆոնը տեսքով համարյա չի տարբերվում Nokia N9–ից, ունի 1,4 գիգահերց տակտային հաճախականություն, 16 գիգաբայթ ներկառուցված հիշողություն, օրգանական լուսադիոդներով (Аlmoled) 3,9 դյույմանոց Nokia ClearBlack ծավալային էկրան և f/2,2 լուսաուժգնության Carl Zeiss Tessar օբյեկտիվով ֆոտոխցիկ։ Սարքի հաստությունը 12,1 մմ է, իրանը պատրաստված է պոլիկարբոնատից։

Նախատեղադրված ծրագրային հավելվածների թվում են հասանելիությունը 25 գբ ծավալով SkyDrive տվյալների պահպանման ծառայությանը, Nokia Drive տեղորոշման համակարգը, Nokia Music–ը՝ Mix Radio–ով և ESPN Sports Hub–ը։ Վերջին երեք հավելվածները նախկինում երբեք չեն տեղադրվել Windows–ով աշխատող որևէ սմարթֆոնում։ Nokia Lumia 800–ի հայտարարված մանրածախ գինը՝ առանց օպերատորի փաթեթի հետ կապակցման, հարկերի և տուրքերի, 580 դոլար է։

Ավելի «մատչելի» Nokia Lumia 710–ն ունի նույնպիսի պրոցեսոր, սակայն դրա դիզայնը և իրանի նյութերը ավելի «համեստ» են։ Էկրանի անկյունագիծը 3,7 դյույմ է։ Nokia-ի համաձայն, այն Հոնկոնգի, Սինգապուրի, Թայվանի և Ռուսաստանի շուկաներում կհայտնվի մինչև այս տարվա վերջը՝ 376 դոլար գնով (առանց օպերատորի փաթեթի հետ կապակցման, հարկերի և տուրքերի):

Այս տարվա փետրվարին հայտարարված Nokia–Microsoft ալյանսում Nokia–ն կտրամադրի սարքը, լեզվական հենքը և քարտեզագրական ծառայությունը, Microsoft –ը՝գործառնական և Bing որոնման համակարգերը։ Վերջինիս կապակցված է օնլայն գովազդի adCenter համակարգը։ Nokia–ի հավելվածների և բովանդակության խանութը կմիավորվի Microsoft Marketplace–ի հետ։

Nokia–ն առաջին սմարթֆոն արտադրողն է և այդ շուկայի երբեմնի առաջատարը։ The Wall Street Journal–ի տվյալներով, 2011թ.–ի երկրորդ եռամսյակում Nokia–ն երրորդն է եղել առաքված սմարթֆոնների քանակով՝ 16,8 մլն հատ՝ Samsung–ից (20 մլն սմարթֆոն) և Apple–ից հետո (17,07 մլն սմարթֆոն)։ Փորձագետների գնահատմամբ, Nokia–Microsoft տանդեմի հաջողությունը շատ բանով պայմանավորելու է այն հանգամանքը, թե որքան արագ նրանք կկարողանան հագեցնել նոր սարքերը Android և Apple iOS գործառնական համակարգերի համար գրված ծրագրերի հանդեպ մրցունակ հավելվածներով։

Nokia–ն ներկայացրեց Windows–ով աշխատող երկու նոր սմարթֆոն