Apple-ի հեռուստացույցի հետ հնարավոր կլինի խոսել

18:14 • 28.10.11

Երբ Apple-ը թողարկի սեփական արտադրության հեռուստացույցը, այն վահանակով կառավարելու կարիք չի լինի: Փորձագետների կարծիքով՝ այն համալրված կլինի Siri ինտերֆեյսով, որը թույլ կտա կառավարել հեռուստացույցը ձայնային հրահանգներով:

The New York Times-ը գրում է, որ հեռուստաարտադրության մեջ հեղափոխություն անելու համար պետք չէ կրկին LCD-էկրան ստեղծել, այլ բավական է փոխարինել ղեկավարման վահանակը որևէ ինովացիոն համակարգով:

Նշենք, որ ընկերությունում բազմիցս առաջարկել են որպես վահանակ օգտագործել iOS-սարքերը՝ iPhone, iPod-touch, iPad: Սակայն նման առաջարկն, ըստ NYT-ի աղբյուրների, չի բավարարել ընկերության ղեկավարությանը:

Pcnews.am-ը հաղորդում է, որ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի՝ հեռուստաարտադրությունը փոխելու երազանքի մասին պատմել է կենսագիր Ուոլտեր Այզեկսոնը: «Այն կսինխրոնիզացվի iCloud ամպային ծառայության հետ ու կունենա շատ պարզ ինտերֆեյս»,- պատմել էր նրան Ջոբսը: Հավանաբար, պարզ ինտերֆեյսը հենց Siri-ն է, օրինակ՝ վահանակի տարբեր կոճակներին սեղմելու փոխարեն բավական կլինի ասել՝ «միացրու «Հաուզի» վերջին սերիան» կամ «ինչ նորություններ կան»:

Ավելի վաղ AppleInsider-ը հաղորդել էր, որ չինական գործարանները պատրաստվում են Apple հեռուստացույցների մեծածավալ արտադրության: Ticonderoga Securities ընկերության վերլուծաբան Բրայան Ուայթն ու Piper Jaffray ընկերության ներկայացուցիչ Ջին Մանստերն իրենց հերթին հաստատել են, որ Apple-ն այժմ զբաղված է նախապատրաստական աշխատանքներով: Իսկ թե երբ նոր արտադրանքը կթողարկվի, վերլուծաբանները տարբեր կանխատեսումներ են անում. ամենից հաճախ նշվում է 2012-ի վերջին եռամսյակը:

Apple-ի հեռուստացույցի հետ հնարավոր կլինի խոսել