Ինքնասպանությունների և սեռական խանգարումների հիմնական պատճառը դեպրեսիան է
«Ինքնասպանությունների և բռնաբարությունների թիվը Հայաստանում վերջին հինգ տարվա կտրվածքով չի ավելացել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբնական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը: Ըստ նրա՝ այդպիսի կարծիքի ձևավորմանը նպաստում են ազատ քննարկումներն ու ԶԼՄ-ների՝ այդօրինակ հարցերի նկատմամբ ցուցաբերած չափազանց մեծ ակտիվությունը, որը «հաճախ հակառակ էֆեկտն է տալիս»:
Ինքնասպանությունների բացարձակ մեծամասնության հիմքում, ըստ հոգեբանի, դեպրեսիան է և վաղվա օրվա նկատմամբ անտարբերությունը: «Դեպրեսիայի պատճառ կարող է դառնալ ցանկացած հարց: Այդպիսի իրավիճակներ հիմնականում նկատվում են խաղամոլների, աղանդավորների ու անապահով ապրող ընտանիքների մոտ: Հաճախակի ինքնասպանության փորձերի են դիմում նաև հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ։ Ի դեպ, դա նրանք անում են ոչ թե նոպայի, այլ սթափ գիտակցության վերադառնալու ժամանակ»,- նկատեց հոգեբանը:
Ասուլիսին ներկա սեքսապատոլոգ Վրեժ Շահրամանյանի կարծիքով՝ դեպրեսիաները նաև սեռական խանգարումների պատճառ կարող են դառնալ, սակայն, ըստ նրա, այս դեպքում ավելի կարևոր է վաղ տարիքում ստացած սեռական գիտելիքները և ընտանեկան մթնոլորտը: Երկու բանախոսներն էլ խորհուրդ տվեցին ծնողներին սեռական դաստիարակությունը սկսել վաղ հասակից և զերծ մնալ երեխաներին իրենց ծննդյան մասին հեքիաթներ պատմելուց:
«Եթե ընտանիքում չկան ներդաշնակ հարաբերություններ, այդ ընտանիքի երեխաները ավելի մեծ հավանականություն ունեն հետագայում հակառակ սեռի հետ հարաբերվելու ժամանակ խնդիրներ ունենալուն: Օրինակ, եթե մայրը գերիշխող դիրքում տղա երեխայի մոտ կարող է սեռային հարաբերությունների մասին սխալ պատկերացում արմատավորվել, կամ եթե հայրը ծեծում է մորը, երեխաները կարող են մինչև կյանքի վերջ համոզված լինել, որ այդպես է ճիշտ»,- պատմեց սեքսոպատոլոգը: Նա ընդգծեց նաև, որ հատկապես տղա երեխաների համար շատ կարևոր է երեքից մինչև հինգ տարեկան հասակում ստանալ հայրական դաստիարակություն: «Եթե երեխան այդ տարիքում ընդօրինակում է հակառակ սեռի ծնողին, ուրեմն այդտեղ խնդիր կա, պետք է ավելի ուշադիր լինել»,- ասաց նա:










