Լույս է տեսել Վիկտոր Համբարձումյանի կարևորագույն գիտական արդյունքներին նվիրված գրքույկ
Լույս է տեսել «Վիկտոր Համբարձումյան. կարևորագույն գիտական արդյունքները» գրքույկը, որը նախատեսված է հասարակության լայն խավերի համար, ովքեր հետաքրքրված են մեծ գիտնականի գիտական ժառանգությամբ: Հեղինակներն են աստղագետներ Հայկ Հարությունյանը և Արեգ Միքայելյանը, հրատարակիչը` «Էդիթ-Փրինթ»-ը: Գրքույկում փորձ է արվում առանձնացնել Համբարձումյանի առավել կարևոր (ընդհանուր առմամբ` 16) գիտական նվաճումները, որոնք էական, որոշ դեպքերում` հեղափոխական, ազդեցություն են ունեցել 20-րդ դարի աստղագիտության և ֆիզիկայի զարգացման վրա: Այդ արդյունքները ներկայացված են հանրամատչելի ձևով, ինչն ընթերցողին հնարավորություն է տալիս հեշտորեն հասկանալ նրանց նշանակությունը և պատկերացում կազմել Համբարձումյանի գիտական մեծության մասին: Մասնավորապես, կարևորագույն արդյունքների թվում տեղ են գտել նեյտրոնի գոյության տեսական ապացույցը, աստղերի տարածական արագությունների բաշխման արտածումը (այդ մեթոդն ընկած է համակարգչային շերտագիրների ստեղծման հիմքում), Տիեզերքի տարիքի գնահատումը, ինվարիանտության տեսության ստեղծումը, աստղասփյուռների հայտնաբերումը, գալակտիկաների ակտիվության գաղափարի առաջադրումը, բռնկվող աստղերի վիճակագրությոըւնը և այլն: Գրքույկը բաղկացած է 32 էջից և բացի գիտական արդյունքներից ներկայացնում է նաև Համբարձումյանի հակիրճ կենսագրությունը և որոշ ասույթներ: Այն զուգահեռաբար շարադրված է հայերեն և անգլերեն լեզուներով:










