Վիկինգների «արևային քարի» գաղտնիքը բացահայտված է
«Արևային քարերը» Իսլանդիայում հանդիպող «շպատ» միներալի փայլեցված բյուրեղներն են: Ժամանականից գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վիկինգներն այդ իսլանդական բյուրեղները գործածել են բաց ծովում նավարկության համար:
Իսլանդական վաղեմի առասպելներում պատմվում է այն մասին, որ «Վինլանդ» (պատմաբանները կարծում են, որ դա Հյուսիսային Ամերիկան է) առասպելական երկրի ճանապարհը գտնելու համար ճանապարհորդները «դիմել» են այսպես կոչված «արևային քարերի» օգնությանը:
Գիտնականների միջազգային խմբի կողմից Proceedings of the Royal Society A ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ վիկինգները վերոհիշյալ բյուրեղները գործածել են արևով կողմնորոշվելու համար: Հայտնի է, որ վիկինգները հմուտ նավագնացներ են եղել և հասել են Հյուսիսային Ամերիկա:
Սակայն առանց կողմնացույցի, որը եվրոպացիներին հայտնի է դարձել միայն 13-րդ դարում, նրանք այլ մեթոդներ են կիրառել կողմորոշման համար:
Բևեռային օրվա պայմաններում, երբ աստղերը չեն երևում, ուղղության որոշման միակ միջոցը մնում էր արևը: Իսկ միգամած, մառախլապատ և ամպամած օրերին արևը դժվար էր երևում, և միայն քամու և ալիքների ուղղության միջոցով կարելի էր ինչ որ չափով կողմնորոշվել:
Ըստ գիտնականների` հենց այդ պարագայում են վիկինգները կիրառել «արևային քար» կոչված բյուրեղները, որոնք հնարավորություն էին տալիս ամպամած երկնքում նշմարել արևի լուսավոր կետիկը:

Շպատի բյուրեղը շատ հեշտ է վերամշակվում, նույնիսկ պարզագույն եղանակներով դրան կարելի է պրիզմայի տեսք տալ և այն լավ լույսի բևեռացման գործիք կդառնա:
Վերջերս հնագետները նման բյուրեղներ են հայտնաբերել 1532 թվականին ջրասույզ եղած բրիտանական նավի բեկորներում և կարծում են, որ այս հայտնագործությունը լավագույնս ապացուցում է իրենց ենթադրությունը:










