Հնէաբանները գտել են «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմի թրատամ սկյուռի նմանակին

02:50 • 03.11.11

Ամերիկայի և Արգենտինայի հնէաբանները Հարավային Ամերիկայում բրածո կաթնասունի մնացորդներ են հայտնաբերել, որոնց տերը նման է «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմի թրատամ սկյուռին: Այդ հայտնագործության մասին հոդվածը տպագրվել է Nature ամսագրում:

ԱՄՆ Լուիսվիլի համալսարանի գիտնական Գիլերմո Ռոժեն և իր գործընկերները նշում են, որ հարավամերիկյան թրատամ սկյուռը (Cronopio dentiacutus), ի տարբերություն մուլտֆիլմի հերոսի, ապրել է մոտավորապես 94 միլիոն տարի առաջ եղած արևադարձային անտառների լիովին հարմարավետ պայմաններում:

РИА Новости-ն հաղորդում է, որ Արգենտինայի հարավում, Պատագոնիայի շրջանում հայտնաբերվել են այդ կենդանու ոչ լրիվ գանգը, ատամների մի մասը և ծնոտը:

Այդ տարածքի լեռնային ապարները ձևավորվել են մոտ 100 միլիոն տարի առաջ: Նույն տարածքում հնէաբանները հաճախ են հայտնաբերում փոքր դինոզավրերի բրածոներ և այլ ողնաշարավոր կենդանիներ: Սակայն կաթնասուն կենդանու հայտնաբերումը ապացուցում է այն, որ Հարավային Ամերիկայում կավճային դարաշրջանում կաթնասուններ են եղել: