Որքան արժե դեպի տիեզերք թռիչքը (տեսանյութ, լուսանկարներ)
«Ճանապարհորդությունը դեպի տիեզերք մինչև վերջերս յուրաքանչյուրի բաղձալի երազանքն էր։ Այսօր, սակայն, քչերին է հաջողվել «ակոսել» տիեզերքի տարածությունը, անկշռության զգացողություն ապրել և Երկրին նայել իլյումինատորից։
Մինչև վերջերս դա հաջողվել է հմուտ տիեզերագնացներին, կամ շատ հարուստ մարդկանց, հասարակ մարդու համար տիեզերքի «դարպասները» ամուր փակ էին»,– գրում է ռուսական Rbc.ru կայքը և հավելում, որ «տիեզերական» զբոսաշրջությունը թափ է առնում, իսկ մոտ ապագայում գրեթե յուրաքանչյուրը կարողանալու է իրեն թույլ տալ տիեզերք ուղևորվել։
Կայքը ընդգծում է, որ մասնագետները մոտ ապագայում ոչ միայն տիեզերանավերի բազմազանություն են խոստանում, այլև «տիեզերական» հյուրանոցներ և ֆանտաստիկ տիեզերաքաղաքներ։
Նախկինում տիեզերանավով թռչելն ու անկշռություն զգալը լոկ երազանք էր, այսօր, սակայն, դրան օգնության է հասնում սուբուղեծրային թռիչքների ծրագիրը։
«Սուբուղեծրային թռիչքները մասամբ են տիեզերական համարվում, քանի որ օդանավն ուղեծիր դուրս չի գալիս։ Օդանավը կամ կապսուլան (տիեզերանավի այն հատվածը որտեղ գտնվում են ուղևորները) մոտ 100 կմ բարձրության վրա է բարձրանում, մի քանի «պարաբոլաներ է կատարում», այնուհետև դեպի ներքև է իջնում, ինչը ուղևորներին թույլ է տալիս ծանրաբեռնվածություն զգալ և անկշռության զգացողություն ապրել՝ ինչպես տիեզերական թռիչքի ժամանակ։
Այսօր մի շարք ընկերություններ զբաղվում են սուբուղեծրային թռիչքների ծրագրերի մշակմամբ, որոնցից առավել հայտնիներն են՝ Virgin Galactiс, Space Adventures, ինչպես նաև Another day universe ընկերությունների ծրագիրը։ Մեկ սուբուղեծրային թռիչքի արժեքը տատանվում է 100 000–ից 200 000 դոլարի սահմանում։

«Սուբուղեծրային թռիչքների» ամենալայնածավալ ծրագրերից է բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնին պատկանող Virgin Galactic ընկերության ծրագիրը։ Սուբուղեծրային տուրիստական թռիչքներ իրականացնելու համար ընկերությունը հատուկ տիեզերակայան է կառուցել, որը գտնվում է ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում։ Իսկ ընկերության գլխավոր ձեռքբերումը SpaceShipTwo տիեզերանավն է։
SpаceShipTwo–ն 4 ուղևոր և անձնակազմի երկու անդամ է տեղավորում։
Այդ օդանավով ճամփորդության արժեքը 200 000 դոլար է, 110 կմ բարձրության վրա թռիչքի տևողությունը 2 ժամ է, որի ընթացքում հնարավոր կլինի զգալ գերծանրաբեռնվածության ողջ հաճույքը և մոտ 6 րոպե անկշռության վիճակում լինել։
SpаceShipTwo–ի առաջին թռիչքը նախատեսված է 2012թ. վերջին, տոմսերը, սակայն, արդեն վաճառվում են։
Մրցակից Space Adventures ընկերությունը սուբուղեծրային թռիչքներ իրականացնելու համար պայմանագիր է կնքել Armadillo Aerospace ընկերության հետ, որը տիեզերանավ–հրթիռի ստեղծմամբ պետք է զբաղվի։ Այս պահին այդ տիեզերանավի մշակումն ընթացքի մեջ է, տիեզերանավը դեռևս անվանում չունի, իսկ թռիչքի ենթադրյալ արժեքը 110 000 դոլար է կազմելու։ Թռիչքը տևելու է 5–15 րոպե։


Իսկ ահա Space Adventures–ի դուստր ընկերությունը՝ ZERO-G–ն, թռիչքներ է իրականացնում մոդիֆիկացված Boeing 727-200 ինքնաթիռներով։ Այդ թռիչքները սուբուղեծրային չեն համարվում, սակայն սկսնակ տիեզերագնացներին օգնում են պատրաստվել դեպի տիեզերք թռիչքին, ինչպես նաև մեծ բավականություն են պատճառում զբոսաշրջիկներին, քանի որ նրանք հնարավորություն են ունենում զգալ անկշռությունը։
Boeing 727 –ի ուղևորը դառնալու համար բավական է օնլայն հայտ ուղարկել ընկերության կայքին և մոտ 29 900 դոլար վճարել՝ գումարած 5 տոկոս հարկը։


ZERO-G–ի առաջիկա թռիչքները նախատեսված են նոյեմբերի 19–ին և 20–ին։
Another day universe ընկերությունը ևս պատրաստվում է մրցել վերոնշյալ ընկերությունների հետ՝ սուբուղեծրային թռիչքների համար տիեզերանավերի ստեղծման ոլորտում։ Այս պահին ընկերությունն աշխատում է Lynx սուբուղեծրային հրթիռապլաների ստեղծման վրա։ Առաջին թռիչքները նախատեսված են 2012թ., իսկ գներն առայժմ գաղտնի են պահվում։
Գերծանրաբեռնվածության և անկշռության զգացողությունն ապրելը, սակայն, մարդուն դեռևս թույլ չի տալիս իրեն իսկական տիեզերազբոսաշրջիկ զգալ։ Այդ իսկ պատճառով, դեպի տիեզերք տուրիստական թռիչքների կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների գլխավոր խնդիրն իսկական տիեզեանավի ստեղծումն է, որն ի վիճակի կլինի «ակոսել» Տիզերքի, կամ գոնե մոտակա մոլորակների տարածությունը։ Դեպի տիեզերք տուրիստական թռիչքների կազմակերպմամբ առավել ակտիվ զբաղվում է ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը, որը մոտ 270 մլն դոլար է հատկացրել 4 մասնավոր ընկերությունների՝ նոր տիեզերանավեր ստեղծելու համար։ NASA–ից ֆինանսավորում ստացել են Boeing (92,3 մլն դոլար), SpaceX (75մլն դոլար), Sierra Nevada Corp. (80 մլն դոլար) և Blue Origin (22 մլն դոլար) ընկերությունները։
Dragon անունը կրող կապսուլան, որի ստեղծմամբ զբաղվում է ամերիկյան Space Exploration Technologies Corporation (SpaceX) ընկերությունը, 7 ուղևոր է տեղավորում։
Dragon–ն արդեն երկու անգամ հաջողությամբ տիեզերք է արձակվել։ Իսկ 2011թ. նոյեմբերի 30–ին ընկերությունը մտադիր է կապսուլան միակցել Միջազգային տիեզերակայանին։ «Տիեզերազբոսաշրջիկ» դառնալ ցանկացողների բոլոր հույսերի արդարացումն այդ փորձարկման հաջողությունից է կախված։
Տիեզերազբոսաշրջության ևս մեկ հույսը CST 100 կապսուլան է, որը Lockheed Martin և Boeing ընկերությունների համատեղ մշակումն է համարվում։
Առաջին թռիչքները դեպի Միջազգային տիեզերակայան նախատեսվում է 2015թ.։ CST 100–ը 7 ուղևորի համար է նախատեսված։
Տիեզերական տուրիզմի ոլորտում «ծագող աստղ է» նաև Dream Chaser HL-20 տիեզերանավը, որի ստեղծմամբ զբաղվում են Sierra Nevada, Boeing, SpaceX, Blue Origin ընկերությունները։ Օդանավի յուրահատկությունը կայանում է նրանում, որ ուղղահայաց օդ է բարձրանում, ապա, ինքնաթիռի նման, հորիզոնական վայրէջք կատարում։
Այն 7ուղևոր է տեղավորում, տիեզերանավի մթնոլորտային փորձարկումները նախատեսվում են 2012թ., իսկ ուղեծրային փորձարկումները՝ 2014։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսաշրջիկների մոտ կարող է ցանկություն առաջանալ ինչ–որ ժամանակ մնալ տիեզերքում, որոշ ընկերություններ մտածում են «տիեզերական» հյուրանոց, կամ միջազգային տիեզերակայանի տիպի կայարան ստեղծելու մասին։
Իսպանական Galactic Suite ընկերությունը, օրինակ, նախատեսում է 2012թ. ուղեծիր դուրս բերել առաջին «տիեզերական» հյուրանոցը՝ Galactic Suite Space Resort–ը։ Այդ հյուրանոցում մնալու համար(երեք օրվա համար) զբոսաշրջիկը պետք է 4,4 մլն դոլար վճարի։
Նման հյուրանոցի կառուցմամբ զբաղվում է նաև ամերիկյան Bigelow Aerospaсe–ը. թե երբ կշահագործվի ընկերության Nautilus հյուրանոցը, պարզ չէ, սակայն ընկերությունն այժմ արդեն վաճառում է տոմսերը, ինչպես նաև հյուրանոցում աշխատելու համար աշխատակիցներ է փնտրում։
Այդ հյուրանոցում մեկ օր անցկացնելու համար այցելուն պետք է մոտ 1 մլն դոլար վճարի։

Մասնագետները վստահ են, որ դեպի տիեզերք ոչ պրոֆեսիոնալների թռիչքները զանգվածային են դառնալու։










