Վիտալի Կլիչկոյի մոտ հայտնաբերել են Պարկինսոնի հիվանդության նախանշաններ
Իսրայելցի նյարդավիրաբույժ Ջոնաթան Դեգենը ուկրաինացի գերծանր քաշային բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի մոտ հայնաբերել է Պարկինսոնի հիվանդության նախանշաններ։ Բժիշկը նման եզրակացության է հանգել Կլիչկոյի մարտերը դիտելիս։
«Կլիչկոն մեծ չեմպիոն է, սակայն նա պետք է խնայի իրեն»,– from-ua.com–ի հետ զրույցում ասել է Ջոնաթան Դեգենը՝ խորհուրդ տալով բռնցքամարտիկին այլևս դուրս չգալ ռինգ։
«Ես դիտում են նրա բոլոր մրցամարտերը։ Եվ, բնականաբար, ուշադիր դիտում էի Կլիչկոյի՝ սեպտեմբերի 10-ին Ադամեկի հետ ունեցած մենամարտը։ Ես Կլիչկոյի վարքագծում նկատեցի վտանգավոր ախտանշներ և ցանկանում եմ զգուշացնել նրան։ Կարծում եմ՝ 40 տարեկանը դա այն հիանալի տարիքն է, երբ Վիտալիի համար այլևս վտանգավոր է զբաղվել բոքսով։ Նա պետք է անմիջապես թողնի բոքսը։ Բոլոր հակառակորդներին չես հաղթի։ Վիտալին արդեն դարձել է լեգենդ, և ժամանակն է՝ նա զբաղվի իր առողջությամբ»,– ասել է նյարդավիրաբույժը։
Նշենք, որ Պարկինսոնի հիվանդությամբ տառապում է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին։










