Բացվեց «Սագամար» լեռնահարստացուցիչ կոմբինատը (լուսանկարներ)

16:03 • 05.11.11

Ստեփանավանի Արամիս թաղամասում նախագահը Սերժ Սարգսյանի ներկայությամբ այսօր բացվեց «Սագամար» ընկերության լեռնահարստացուցիչ կոմբինատը: Սերժ Սարգսյանը շրջեց կոմբինատում, ծանոթացավ ընկերության ներդրումային ծրագրերի շրջանակում իրականացված աշխատանքներին: Հանքը շահագործելու է ռուսաստանյան «Նևա Ռուս» ընկերությունը, որը Հայաստանում իր գործունեությունն է իրականացնում 2007 թվականից:

Միայն Սագամար հանքում կազմակերպությունը շուրջ 94 մլն դոլարի ներդրում է կատարել: Նախագահին ծանոթացրել են ֆաբրիկայի ներկայիս հզորություններին: Առաջին 3 տարին հանքը շահագործվելու է բաց եղանակով և հանքաքարի տարեկան վերամշակման ծավալը կկազմի 5-6 հազար տոննա: Հետագայում շահագործման կհանձնվի նաև ստորգետնյա հանքը և հանքաքարի վերամշակման ծավալը կաճի մինչև 8 հազար տոննա տարեկան: Հայաստանում «Նևա Ռուսը» ցինկի, պղնձի և կապարի վերամշակմամբ է զբաղվում:

«Նևա-Ռուս» ընկերության ներդրումային գծով տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով, առաջիկա երկու տարիների ընթացքում կազմակերպությունը հանքարդյունաբերության ոլորտում ևս 24 մլն դոլարի ներդրում կանի:
Կազմակերպությունը կարևորում է բնապահպանական տեսանկյունից անվտանգ տեխնոլոգիաների կիրառումը: «Սագամարում» առաջին անգամ կներդրվի չոր պոչերի տեխնոլոգիան` խտանյութը լվացվելուց հետո ջրի վնասակար նյութերն ու ծանր մետաղները ֆիլտրվելու են, իսկ ջուրը վերադառնալու է հանք կրկին օգտագործման: Հայաստանյան մետաղները ձուլվելու են Չինաստանում և Եվրոպայում:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով՝ Հայաստանում հանքարդյունաբերության նոր մշակույթ է ձևավորվում: «Մենք նշանակություն ենք տալիս ոչ թե շահույթ հետապնդելուն, այլ մաքուր տեխնոլոգիաներին»:


 

Բացվեց «Սագամար» լեռնահարստացուցիչ կոմբինատը (լուսանկարներ)