Հայտնաբերվել է նեյտրոնային աստղ, որը հակասում է ժամանակակից բոլոր պատկերացումներին

14:07 • 05.11.11

Զարմանալի բացահայտում են արել ԱՄՆ-ի և Գերմանիայի գիտնականները NASA-ի «Ֆերմի» աստղադիտակի օգնությամբ:

Երկիր մոլորակից մոտ 27 հազար լուսային տարվա հեռավորության վրա հետազոտողները ուսումնասիրել են մի պուլսար, որի հատկությունները հակասում են նույնատիպ նեյտրոնային աստղերի մասին ժամանակակից բոլոր պատկերացումներին: Նեյտրոնային աստղերը համարվում են տարբեր տեսակի էլեկտրոմագնիսական ճառագայթների աղբյուր: Օբյեկտը, որը գտնվում է Աղեղնավորի համաստեղության ուղղությամբ, ընդամենը 25 մլն տարեկան է. սովորաբար պուլսարի տարիքը հասնում է 1 մլրդ-ի: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ տիեզերական գերատեսչությունը:

Նեյտրոնային աստղը, որն աստղերի գրանցամատյանում կոչվում է J1823-3021A, ընդգրկված է 160 գնդաձև աստղային կուտակումներից մեկի կազմում: Պուլսարը համարվում է էվոլյուցիայի վերջնական «արտադրանքներից» մեկը և օժտված է այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են փոքր չափերը, բարձր խտությունը և հսկայական զանգվածը: Դրանց նյութի մեկ թեյի գդալը կշռում է ճիշտ այնքան, որքան Երկիր մոլորակի ամենաբարձր լեռը` Էվերեստը: Այդպիսի աստղերը չափազանց արագ են պտտվում իրենց առանցքի շուրջ`երբեմն մինչև 43 հազ. պտույտ մեկ րոպեում:

Աստղագետների հավաստմամբ, J1823-3021A աստղը տիեզերական չափորոշիչներով շատ երիտասարդ է, ակտիվ և վառ: Դրանով էլ պուլսարը խիստ առանձնանում է գնդաձև աստղային կուտակման մեջ:

Զարմանալին այն է, որ ճառագայթման գամմայի աղբյուր է համարվում ընդամենը մեկ օբյեկտ և էներգիա արտադրելու արագությունից կարելի է եզրակացնել, որ օբյեկտը ձևավորվել է հարաբերականորեն ոչ վաղ անցյալում:

Գիտնականները բացահայտել են նաև 9 այլ պուլսար, որոնք գամմա-ճառագայթներ են առաջացնում:

Այսպիսով, բացահայտված պուլսարների ընդհանուր քանակը 100-ից ավելի է: Դրանք բոլորը բացահայտվել են «Ֆերմի» աստղադիտակի օգնությամբ, իսկ մինչև 2008թ. այդ աստղադիտակի գործարկումը գիտնականներին հայտնի էր ընդամենը 7 նման աստղ:

Հայտնաբերվել է նեյտրոնային աստղ, որը հակասում է ժամանակակից բոլոր պատկերացումներին