ABBYY Lingvo-ի և Badoo-ի հայազգի հիմնադիրները` Ռուսաստանից դուրս հաջողության հասած մարդկանց top 50-ում

17:37 • 07.11.11

Ռուսական Forbes ամսագիրը հրապարակել է համաշխարհային հանրությանն ինտեգրված և Ռուսաստանի սահմաններից դուրս հաջողության հասած գործարարների, մշակույթի և սպորտի գործիչների վարկանշային աղյուսակը։ Ինչպես տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից, վարկանշային աղյուսակում հայտնված բոլոր անձինք հինգ խմբի են բաժանված. արտասահմանում  գործունեություն ծավալող ռուս ներդրողներ, Ռուսաստանի և ԱՊՀի–ի սահմաններից դուրս զրոյից բիզնես կառուցած ձեռնարկատերեր, հայտնի ռուս գիտնականներ, ամենահայտնի և ամենաբարձր վարձատրվող դերասաններ, երաժիշտներ, պրոդյուսերներ, ինչպես նաև սպորտսմնեններ։

Վարկանշային աղյուսակում են հայտնվել նաև հայազգի մի քանի ներկայացուցիչներ։ Ռուսաստանի սահմաններից դուրս զրոյից բիզնես հիմնած գործարարների տասնյակում հայտնվել են  հայազգի Անդրեյ Անդրեևը (Օհանջանյան) և հայկական արմատներ ունեցող Դավիդ Յանը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, այս ցանկում է նաև Արտեմ Օհանովը, ով, ըստ Forbes-ի, «ռուսական» ծագմամբ աշխարհահռչակ գիտնականների տասնյակում է։

Պարբերականի տվյալներով՝ 37–ամյա Անդրեյ Անդրեևի կարողությունը 800 մլն դոլար է գնահատվում։ Նրա հարստության աղբյուրը սոցիալական ցանցերն են։ Անդրեևն իր գործունեությունը սկսել է 1999թ.՝ համակարգիչների վաճառքով զբաղվող «Վիրուս» ընկերության ստեղծմամբ, իսկ այնուհետև զբաղվել է ինտերնետ–նախագծերի մշակմամբ, որոնք շատ արագ ճանաչում են ձեռք բերել օգտատերերի շրջանում և առաջացրել են խոշոր բիզնեսի ներկայացուիցիչների հետաքրքրությունը։

1999թ. Անդրեևը ստեղծել է SpyLog վեբ–վերլուծության ծառայությունը, իսկ երեք տարի անց թողարկել է ինտերնետում կոնտեքստային գովազդի տեղադրման Begun համակարգը։ Forbes–ը նշում է, որ 2003թ. վերջին Begun–ի բաժնետոմսերի 80%–ը 900 000 դոլարով գնել է «Ֆինամ» հոլդինգը, իսկ հետագայում արդեն Անդրեևը «Ֆինամի» հետ համատեղ ստեղծում է բոլորին հայտնի ծանոթությունների «Մամբա» կայքը։ Անդրեևն այնուհետև ծանոթությունների նոր ցանց է թողարկել՝  Badoo–ն, որն այժմ 130  մլն  օգտատեր ունի։ Forbes–ը Badoo–ի գինը, որի  բաժնետոմսերի 80%–ը Անդրեևին է պատկանում, մոտ 1 միլիարդ դոլար է գնահատում։

Վարկանշային աղյուսակում հայտնված Դավիդ Յանը, ծնվել է 1968թ. հունիսի 3–ին Երևանում։ Նրա հայրը չինացի է,  մայրը՝ հայ։ Դեռևս ուսանող տարիներին (Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ)՝1989թ. նա հիմնադրել է իր առաջին՝ Bit Software ընկերությունը, որը  հետագայում վերանվանվել է ABBYY։ Այսօր արդեն տեքստերի  ճանաչման ABBYY FineReader համակարգը և ABBYY Lingvo էլեկտրոնային բառարանները հայտնի են աշխարհի բոլոր երկրներում, որոնցից օրինական 30 մլն մարդ է օգտվում աշխարհի130 երկրում։ Forbes–ը 43 տարեկան Յանի կապիտալը 200 մլն դոլար է գնահատել։ Յանը նաև Հայաստանում գործող «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրն է։

Իսկ հայազգի Արտեմ Օհանովը, դպրոցը ոսկե մեդալով  ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի պետական համալասարան, այնուհետև ընդունվել է Լոնդոնի համալասարանական քոլեջի ասպիրանտուրա, իսկ դոկտոորական դիսերտացիան պաշտպանել է Ցյուրիխի տեխնիկական համալասարանում։ Դրանից հետո Օհանովն առաջարկ է ստացել` Նյու Յորքի համալսարանում սեփական լաբորատորիան ստեղծել։ Նա դարձել է այդ համալասարանի (34 տարեկանում) ամենաերիտասարդ պրոֆեսորը։

Նա մասնագիտացել է բյուրեղագիտության ոլորտում։ Օհանովը համարվում է քիմիական բանաձևով բյուրեղների  կառուցվածքի կանխատեսման ալգորիթմի հիմնադիր։

Նա տեսականորեն կանխատեսել է մագնեզիումի սիլիկատի բյուրեղի կառուցվածքն ավելի քան 2500 կմ խորության վրա՝ այդպիսով բացատրելով սեյսմիկ անոմալիան, որը վաղուց հայտնի էր, սակայն խելամիտ բացատրություն չէր ստացել։

ABBYY Lingvo-ի և Badoo-ի հայազգի հիմնադիրները` Ռուսաստանից դուրս հաջողության հասած մարդկանց top 50-ում