HTC-ն պատրաստում է քառամիջուկ սմարթֆոն ու ոչ ստանդարտ պլանշետ
Թայվանական HTC ընկերությունը մշակում է Edge քառամիջուկ սմարթֆոնը, որը հավակնում է դառնալ առաջին հեռախոսը, որը կունենա նման հզոր տեխնիկական տվյալներ:
Ինչպես հաղորդում է pcnews.am-ը, սարքը հնարավոր է՝ ստանա 4,7 դյույմ անկյունագծով սենսորային էկրան, Google Android օպերացիոն համակարգ (տարբերակը չի նշվում) և Beats Audio ինովացիոն աուդիոհամակարգը, որն արդեն իսկ ներդրվել է վերջերս ներկայացված HTC Rezound սմարթֆոնում:
Edge-ը կունենա նաև 1 գբ օպերատիվ հիշողություն, 720p հնարավորությամբ էկրան ու 8 մպ տեսախցիկ:
Ի տարբերություն Rezound-ի՝ Edge-ը կունենա քառամիջուկ պրոցեսոր՝ յուրաքանչյուրը 1,5 ԳՀց հաճախությամբ: Հեռախոսի պատյանի հաստությունը կլինի 1 սմ:
Edge-ի օգտագործողները հնարավորություն կունենան նաև օգտվել HTC Listen, HTC Read, HTC Play և HTC Watch օնլայն ծառայություններից:
Սպասվում է, որ նոր սմարթֆոնը կթողարկվի հաջորդ տարվա երկրորդ կեսին: Reuters-ի փոխանցմամբ՝ HTC-ի ղեկավար Փիթեր Չոուն տեղեկացրել է, որ 2012-ին ընկերությունը կթողարկի նոր Android-պլանշետ, որը կտրականապես կտարբերվի iPad-ի «նմանակներից»: Ենթադրվում է, որ սարքը կաշխատի Android 4.0 (Ice Cream Sandwich) ՕՀ-ով: Նշենք, որ այժմ HTC-ն առաջարկում է երկու պլանշետ՝ 7 դյույմանոց Flyer-ը և Jetstream-ը:










