Հեռուստատեսության թվայնացումից հետո նոր կապուղիներ կազատվեն
Հեռուստատեսության թվայնացումից հետո բավական շատ կապուղիներ կազատվեն: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2012թ. բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը` պատասխանելով «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանի նոր հեռուստաընկերությունների ազատ կապուղիներ տրամադրելու մասին հարցին: «Պետք է հասկանալ` մեզ պետք է ունենալ շատ կապուղի, թե ոչ: Բոլորի ցանկությունն է, որ եթե որակյալ հեռուստաընկերություններ ունենանք, կապուղի տրամադրենք. իսկ ինչու ոչ»,- հարցադրում կատարեց նախարարը:
Նրա խոսքով` թվայնացումից հետո հաճախականություններ կազատվեն, և որոշում կկայացավի` միգուցե նոր օպերատոր է բերվում, միգուցե նոր հեռուստաընկերությունների կտրվեն: 2015թ.-ից հետո պարզ կդառնա, թե քանի կապուղի է ազատվում: «Կարելի է քիչ ունենալ և որակյալ, կարելի է շատ ունենալ` ի հաշիվ որակի»,- նկատեց Մանուկ Վարդանյանը:










