Թրոմբոցիտների՝ նախկինում անհայտ գործառույթ է հայտնաբերված
Գերմանիայի գիտնականները թրոմբոցիտների՝ նախկինում անհայտ գործառույթ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է New Scientist-ը: Պարզվում է, որ բացի արյան մակարդուկների կազմավորումից այդ բջիջները նաև ակտիվորեն մասնակցում են իմունային համակարգի աշխատանքին:
Մյունխենի համալսարանի աշխատակիցները հետևել են, թե ինչպես է մկների օրգանիզմը հակազդում արյան մեջ առկա լիստերիոզի բակտերիային (Listeria monocytogenes): Պարզվել է, որ միկրոօրգանիզմն անմիջապես արյան մեջ հայտնվելուց հետո թրոմբոցիտների կողմից «ճզմվում» է, ապա՝ տեղափոխվում փայծախ: Այդ օրգանում նրանք պաթոգենին դենդրետիկ բջիջներին են «փոխանցում», որոնք լիարժեք իմունային պատասխան են ձևավորում:
Երբ հետազոտողները նույն լիստերիոզի բակտերիան ներարկել են C3 գենից զուրկ գենոձևափոխված մկներին, թրոմբոցիտները չեն արձագանքել, իսկ բակտերիային գրոհել են այլ իմունային բջիջներ` մակրոֆագները: Սակայն նման իմունային պատասխանը չի հանգեցրել լիստերիոզի հանդեպ ձեռքբերովի իմունիտետի, քանի որ այդ ընթացքի համար պատասխանատու են դենդրետիկ բջիջները:
Մյունխենի համալսարանի գիտնական Դիրկ Բուշի (Dirk Busch) կարծիքով` թրոմբոցիտների բացահայտված ունակությունները ապագայում կարելի է կիրառել պատվաստանյութերի ազդեցության ուժեղացման համար:
Աշխատության վերաբերյալ զեկույցը հրապարակված է Nature Immunology ամսագրում:










