Apple-ի համահիմնադիրը կժամանի Հայաստան

17:56 • 09.11.11

2011թ. նոյեմբերի 10-11-ը Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը կհյուրընկալվի Հայաստանում՝ ստանալու ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011թ. մրցանակը:

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա նախագահի նստավայրում նոյեմբերի 11-ին, ժամը 19:00-ին:

Մինչ մրցանակաբաշխությունը՝ Սերժ Սարգսյանը կհանդիպի Սթիվ Վոզնյակի հետ:

Apple-ի համահիմնադիրը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի 2-րդ դափնեկիրն է: 1-ին դափնեկիրը` Քրեյգ Բարրեթը, Համաշխարհային ՏՏ Մրցանակը ստացավ 2010թ.-ի հունիսի 28-ին Սերժ Սարգսյանի կողմից նախագահի նստավայրում:

Սթիվ Վոզնյակը Երևանում կհանդիպի նաև վարչապետի, կառավարության անդամների, ՏՏ ոլորտի գործարար համայնքի ներկայացուցիչների, առաջատար համալսարանների ղեկավարության, ուսանողների, դասախոսների և գիտության գործիչների հետ:

1976թ.-ին Վոզնյակը Սթիվ Ջոբսի հետ միասին հիմնել է Apple Computer Inc. ընկերությունը, որն առաջարկում էր Վոզնյակի նախագծած Apple I անձնական համակարգիչը:

Այժմ Վոզնյակը Fusion-IO–ում զբաղեցնում է Գլխավոր գիտնականի պաշտոնը: 2006թ.-ի սեպտեմբերին Նորթոն Փաբլիշին հրատարակչությունում լույս տեսավ նրա iWoz: From Computer Geek to Cult Icon ինքնակենսագրականը, որը «Նյու Յորք Թայմս»-ի կողմից ճանաչվեց բեսթսելլեր:

 

Apple-ի համահիմնադիրը կժամանի Հայաստան