Եռահատորյակով լույս կտեսնի «Վշտապատում» արխիվային փաստաթղթերի ժողովածուն
Մոսկվայում հայ, ռուս և ադրբեջանցի լրագրողների մասնակցությամբ տեղի է ունեցել թուրք գրող Մեհմեդ Փերինչեքի նոր՝ հայերի կոտորածներին անդրադարձող գրքի շնորհանդեսը։ Այս մասին հաղորդեց «Շանթ» հեռուստատեսության «Հորիզոն» լրատվականը։
Այստեղ թուրք գրողն օգտագործել է հիմնականում ոչ թուրքական արխիվային տվյալներ, սակայն, ինչպես գիտնականներն են փաստել, տվյալներն օգտագործվել են ընտրովի, ներկայացվել՝ միակողմանի։ 120 փաստաթղթերից 63-ը ռուսական արխիվներից են, մյուսները՝ 1920-1930թթ. դաշնակցականների դեմ պատրաստված նյութերից։
«Իրադարձությունները, որ տեղի են ունեցել առաջին աշխարհամարտի ժամանակ Անատոլիայում, չի կարելի որակել՝ որպես Ցեղասպանություն։ Դա փոխադարձ կոտորած էր, որ հրահրել էին արևմտյան իմպերիալիստական պետությունները, որպեսզի մասնատեին և կործանեին Օսմանյան Կայսրությունը»,- շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Ֆերինչեքը։
Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշել է, որ թուրք գրողի զեղծարարությունը բացահայտելու համար հարկ է, որ նման փաստաթղթերի իսկությունն ընթերցողը ճշտի հանրագիտարանի օգնությամբ։ Սակայն, ընթերցողներից քչերը, թերևս, ցանկանան և հնարավորություն ունենան այդպես վարվել։
Ի պատասխան բազմաթիվ կեղծիքների՝ Հայաստանի ազգային արխիվը վերսկսում է փաստաթղթերի հրատարակումը՝ հիմա արդեն դրանք լույս կտեսնեն «Վշտապատում» եռահատորյակի տեսքով։ Դրանք վկայություններ են անմիջապես 1915թ կոտորածներից հետո։
Վիրաբյանը հիշեցրել է, որ թե Մոսկվայի, թե այլ երկրների գրախանութներում թուրք և ադրբեջանցի հեղինակների՝ Ցեղասպանությանն ու Ղարաբաղյան հարցին վերաբերող տասնյակ անուն գրքեր մատչելի գներով վաճառվում են։
Ամատունի Վիրաբյանը նշել է, որ նախորդ հրատարակության մեջ ձգտել էր չներառել առանձնահատուկ դաժանության, ստորացումների և բռնաբարությունների մասին վկայությունները։ «Ես որոշ դաժան պատկերներ ուղղակի հանել էի։ Տղա, փոքր երեխաների նկատմամբ ոստիկանները ինչպիսի… ինչպես են դա կատարել»,- նշել է նա։ Նոր հրատարակության մեջ արդեն ամեն ինչ կներառվի այնպես, ինչպես նկարագրել են ականատեսները, արդեն նաև՝ անգլերեն և ռուսերեն թարգմանություններով։










