Պետք է խուսափել արտադրանքը միայն ավանդական շուկաներում սպառելու գայթակղությունից. Սերժ Սարգսյան

17:05 • 09.11.11

Հայկական արտադրանքի և ձեռնարկությունների ընդլայնումն ու զարգացումը պետք է մղել ոչ միայն ներքին, այլև արտաքին` համաշխարհային շուկայի ուղղությամբ: Այս մասին հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 6-րդ համագումարի ընթացքում: «Մեր երկրի աշխարհագրական առանձնահատկություններն ինչ-որ տեղ օբյեկտիվորեն կաշկանդում են գործարարության զարգացումը և գործունեության բազմազանությունը: Սովորաբար փոքր ներքին շուկաները սահմանափակում են արտադրության և մատակարարման համար պահանջվող նվազագույն ծավալները և նվազեցնում տնտեսական արդյունավետությունը: Սա իրողություն է, սակայն մենք դրանից և նման այլ խոչընդոտներից թևաթափ լինելու իրավունք չունենք»,- ընդգծեց նա:

Արտաքին շուկաներն անսահման մեծ են, ուստի և պետք է լինեն Հայաստանի տնտեսական աճի ու զարգացման մշտական թիրախը: Ճիշտ է` արտահանումը նաև պահանջում է բարդ, ծավալուն արժեքաստեղծ շղթա պարունակող արդիական արտադրությունների կազմակերպում: Նախագահի խոսքով` Հայաստանի համար կարևոր են նոր գիտելիքներ և կարողություններ ունեցող մարդիկ, իհարկե, կպահանջվեն նոր որակավորման աշխատուժ, տեխնոլոգիաներ և ներդրումներ:

Մասնավոր շուկայական ձեռնարկատիրությունը, ի վերջո, Հայաստանում համեմատաբար նոր երևույթ է: Նոր են նաև ձեռնարկատիրության և առևտրի համար անհրաժեշտ ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ մատուցող արդի հաստատությունները, համակարգերն ու ենթակառուցվածքները: «Մենք չպետք է հետ մնանք նորարարության սլացիկ ընթացքից: Գործարար ծրագրերն ու նախաձեռնությունները հաճախ ունեն ավանդական և իներցիոն բնույթ, առանձին դեպքերում կրկնում են միմյանց: Մենք պետք է խուսափենք նման իներտությունից, արտադրանքը միայն ավանդական շուկաներում սպառելու գայթակղությունից: Նոր շուկաներ և արտադրատեսակներ բացահայտելու գործում երկչոտությունը կարող է կործանարար լինել»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: