Մարդանման ռոբոտը բացում է գարեջրի շիշը, ֆուտբոլ խաղում և գնում Ֆուկուսիմա (տեսանյութ)
Ճապոնական Honda ընկերությունը ցուցադրել է իր հայտնի մարդանման ASIMO ռոբոտի նոր մոդելը, հայտարարելով, որ կատարված փոփոխությունները թույլ կտան անցում կատարել «ավտոմատ մեքենաներից» «ինքնավար մեքենաների»: Այս մասին հայտնում է hitech.newsru.com-ը:
Միաժամանակ հայտարարվել է ընկերության նոր` Honda Robotics բաժնի ստեղծման մասին, որը ոչ միայն կշարունակի ուսումնասիրությունները ռոբոտատեխնիկայի ոլորտում, այլև կզբաղվի ռոբոտների զանգվածային արտադրությամբ և դրանց պրակտիկ օգտագործմամբ:
Մասնագետները վստահեցնում են, որ ASIMO-ին սովորեցրել են գնահատել շրջակա միջավայրը, հաղորդակցվել դրա հետ և նույնիսկ կանխագուշակել մարդկանց գորոծողությունները: Մասնավորապես, նա կարող է մարդկանց ճանաչել միաժամանակ և դեմքով և ձայնով, ինչպես նաև տարբերել միմյանց հետ խոսող մի քանի մարդու ձայները:
Ռոբոտ-հումանոիդը կարող է օգտագործվել այն աշխատանքներում, որոնք իրականացվում են առավել վտանգավոր պայմաններում: Օրինակ, նա պատրաստ է մեկնել Ֆուկուսիմա:
Ռոբոտ-հումանոիդը արտաքնապես նման է սաղավարտով տիեզերագնացի:
Ռոբոտի հասակը 130 սմ է, կշռում է 48 կգ` նախկին մոդելից 6 կգ պակաս: ASIMO-ն կարող է տեղաշարժվել 9 կմ/ժ արագությամբ` նախկինից 3 կմ/ժ արագ:
Ընդ որում, ռոբոտը կարող է շրջվել, հետ քայլել և պահպանել հավասարակշռությունը խաչաձև տարածքներում կամ տատանվող մակերեսի վրա քայլելիս: Նա նաև կարող է ֆուտբոլ խաղալ, ավելի շուտ`ոտքով հարվածել գնդակին, բարձրանալ աստիճաններով և սեղմել մարդու ձեռքը:
Այս վերջին խնդիրը լուծելու համար մասնագետները հատուկ ուշադրություն են դարձրել նրա «ձեռքերին», որոնց միջոցով նա ոչ միայն կարող է իրականացնել բավականին դժվար գործողություններ, այլև մարդկանց հետ շփվել ժեստերի լեզվով:
ASIMO-ի յուրաքանչյուր մատը մյուս մատից առանձին է գործում, ինչի շնորհիվ էլ նա կարող է նուրբ բռնել մարդու ձեռքը, բարձրացնել գարեջրով շիշ, բացել կափարիչը, լցնել այն բաժակի մեջ`ղեկավարվելով իր տիրոջ ձայնային հրամաններով:
Ճապոնացի ռոբոտոտեխնիկները հատուկ ընդգծում են, որ իրենց ռոբոտը կարող է բռնել թղթե բաժակ, խնդիր, որը մինչ այսօր ռոբոտների համար ամենադժվարն է եղել:
ASIMO-ի առաջին մոդելը թողարկվել է 2000թ., իսկ վերջին արմատական թարմացումը կատարվել է 2005թ.:










