Գրիպը հարբուխը չէ. այն ավելի վտանգավոր և ծանր հիվանդություն է
Ճիշտ չէ գրիպը համարել հարբուխ։ Գրիպը վիրուսային հիվանդություն է, որի ընթացքը հիվանդի համար ավելի ծանր է՝ առավել բարձր և տևական ջերմություն, ցավ կրծքավանդակում, հազ ու փռշտոց և թոքաբորբի վերածվելու վտանգ։ Այս մասին նշվեց «Շանթ» հեռուստատեսության «Մի վնասիր» հաղորդման ժամանակ։
Բժիշկները «տարրական էթիկայից զուրկ» կոչեցին այն մարդկանց, ովքեր հիվանդ վիճակում շարունակում են գնալ աշխատանքի կամ դասի՝ իմանալով, որ դրանով նույն հիվանդությամբ վարակվելու վտանգին են ենթարկում իրենց շրջապատողներին։
«Ամենավարակիչ շրջանը հիվանդության սկիզբն է»,- հիշեցրին բժիշկները՝ նշելով, որ հենց այդ ժամանակ հիվանդի շուրջը գտնվողներն, առավել մեծ հավանականությամբ, կարող են վարակվել։ Հիվանդն այլևս շրջապատին չի սպառնում, երբ հազ, փռշտոց, քթարտադրություն իր մոտ չի նկատվում։
Չարժե, ըստ բժիշկների, առաջին իսկ ախտանիշերից սկսել ընդունել հակաբիոտիկներ։ Այդ պարագայի համար են ասում. «Եթե բուժում ես, գրիպն անցնում է մեկ շաբաթում, եթե չես բուժում՝ յոթ օրում»։
Բժիշկը խորհուրդ տվեց. «Եթե հաճախ չեք հիվանդանում, կարելի է չօգտագործել դեղամիջոցներ, բայց եթե հաճախ եք հիվանդանում, ապա նույնիսկ երիտասարդ տարիքում, արժե օգտագործել, սակայն գերադասելի է խորհրդակցել բժշկի հետ։ Կարելի է օգտագործել ջերմիջեցնողներ»,- նշեց նա։ Բժիշկը նշեց, որ բազմաթիվ դեղամիջոցների փոխարեն ավելի լավ է հիշել փորձված մեթոդները՝ ուղղակի թեթև սնվել, վիտամիններ և շատ հեղուկ, մեղր, լիմոն ընդունել։
Բժիշկը նաև խորհուրդ տվեց կատարել ամենամյա պատվաստումներ, ինչն, ըստ նրա, ողջ տարվա ընթացքում կարող է պաշտպանել գրիպի որոշակի տեսակով հիվանդանալուց։










