Applе-ը կրճատում է iPhone 4s-ի և iPad 2-ի արտադրությունը
Applе ընկերությունը կրճատում է չորրորդ եռամսյակում նախատեսված iPhone սմարթֆոնների և iPad պլանշետների արտադրության ծավալը 10-15 տոկոսով: Պատճառը ցածր պահանջարկն է և որոշ բաղադրիչների առաքման ուշացումները: Այս մասին հաղորդել են մի շարք լրատվամիջոցներ` վկայակոչելով իրենց անանուն աղբյուրները:
Ինչպես գրում է AppleInsider կայքը, ընկերության արտադրանքի հնարավոր կրճատումը կապված է այն բանի հետ, որ ի սկզբանե Applе-ն ավելցուկային պատվեր էր տվել:
RBC Capital Markets ընկերության վերլուծաբանը համարում է, որ տոն օրերի նախաշեմին ընկերությունը կարող էր հատուկ պահեստավորել լրացուցիչ արտադրական հզորությունները, իսկ դրանից հետո` կանոնավորել իր արտադրանքի ծավալը:
ԱՄՆ-ում ինտերնետ խանութով iPhone 4S մոդելի բջջային հեռախոս պատվիրելու դեպքում առաքումը տևում է մոտ մեկ երկու շաբաթ, ինչը վկայում է բարձր պահանջարկի մասին:
Piper Jaffray & Co վերլուծական ընկերության մասնագետի խոսքով, պատվերների նվազեցման մասին շշուկները հիմնավորված չեն: Փորձագետի կանխատեսման համաձայն` այս եռամսյակում Apple-ը կվաճառի 26 մլն iPhone, որով նոր ռեկորդ կսահմանի:










