Գարեգին Երկրորդը օրհնել է անհատական համակարգչի ստեղծողին

19:42 • 10.11.11

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Apple ընկերության համահիմնադիր Սթիվեն Վոզնյակին` ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի և ընկերության պաշտոնեության:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է պրն. Վոզնյակին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար նրան շնորհված մրցանակի առիթով: Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ այցի ընթացքում պրն. Վոզնյակն առիթ պիտի ունենա ճանաչելու հայ ժողովրդին և նրա հոգևոր ուժի արգասիքներն ու դարերով կերտած արժեքները:

Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել անհատական համակարգչի ստեղծողին` մարդկությանը բերած օգտակար ծառայության համար` մաղթելով նորանոր ներշնչանքներով առավել մեծ թռիչք հանուն մարդկային կյանքի զարգացման:

Իր հերթին Apple ընկերության համահիմնադիրը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության և ջերմ զրույցի համար: Պրն. Վոզնյակը Նորին Սրբությանը ներկայացրել է նաև Apple-ի հետագա զարգացման իր տեսիլքը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրոնի և գիտության փոխհարաբերություններին: Կարևորվել է, որ աստվածապարգև շնորհները և գիտելիքը, գիտության առաջընթացը ծառայեն միմիայն մարդկության բարօրությանը:
 

Գարեգին Երկրորդը օրհնել է անհատական համակարգչի ստեղծողին