Ես սիրահարված եմ համակարգչին. Apple Computer-ի համահիմնադիրը դարձավ ՀՊՃՀ պատվավոր դոկտոր
Նոյեմբերի 11-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) հյուրընկալել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2011թ. մրցանակի դափնեկիր, Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակին և նրա տիկնոջը` Ջանեթ Վոզնյակին:
Հարժևորումն տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակի համաշխարհային ակնառու ներդրման և ի նշանավորումն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) կատարած նրա այցելության` ՀՊՃՀ Գիտական խորհրդի որոշմամբ Ստիվ Վոզնյակին շնորհվել է ՀՊՃՀ պատվավոր դոկտորի կոչում:
Վոզնյակն իր ելույթում ասել է. «Մեծ պատիվ է ՀՀ-ում իմ գտնվելը. այս համալսարանը մեծ նշանակություն ունի ինձ համար, ինչպես աշխարհի ցանկացած այլ պոլիտեխնիկական բուհ: Վաղ հասակում եմ հասկացել, որ պետք է ճարտարագետ դառնամ, քանի որ ճարտարագետներն են, որ կարողանում են ինչ-որ բան ստեղծել, արարել: Մեր կյանքը լի է եղել և շարունակում է լեցուն մնալ տեխնոլոգիաներով: Ես սիրահարված եմ համակարգչին, որովհետև կարող եմ այն ծրագրավորել: Ասեմ, որ իմ ջանքերը կիրառել եմ դեռևս Սառը պատերազմի ժամանակ. այն ժամանակ ես մտածում էի, որ եթե որևէ մեկը քեզ վնասում է, ապա պարտադիր չէ, որ դու էլ նույն կերպ պատասխանես. այդ իսկ պատճառով ես այսօր հպարտ ու պարզ կանգնած եմ ձեր առջև: Երեկ երբ հանդիպեցի Կաթողիկոսի հետ, վերհիշեցի ուսանողական տարիներս, երբ ինձ ներշնչում էր ոչ միայն գիտությունը, այլ նաև հավատքը»:










