iPhone 4S-ը արդեն Հայաստանում է (տեսանյութ)

18:55 • 11.11.11

Apple ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը iPhone-ի համար՝ «Օրանժ Արմենիա» ընկերությունը, այսօր իր գլխավոր խանութում պաշտոնապես ներկայացրեց iPhone 4S-ը:

«Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի խոսքով` Հայաստանում նոր iPhone 4 S-ի վաճառքը մեկնարկում է խորհրդանշական օրը եվրոպական մի շարք երկրների հետ միաժամանակ:

«Մենք ուրախ ենք, որ կարող ենք մեր բաժանորդներին ներկայացնել նոր սարքը, այն, ինչը նրանք մեզնից ակնկալում էին»,- ասաց Բրունո Դյութուան:

iPhone 4 S-ը կարելի է ձեռք բերել Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ սակագնային պլաններից որևէ մեկին 12 կամ 24 ամիս ժամկետով բաժանորդագրվելու դեպքում կամ առանց բաժանորդագրության, սակայն դրանից կախված կլինի ձեր iPhone 4 S-ի գինը: Նոր սարքը կարելի է ձեռք բերել ամսական բաժանորդագրությամբ սկսած 180 հազ. դրամից: Կախված սարքի պարամետրերից վերջինիս գինը տատանվում է, այն կարելի է ձեռ բերել նաև ավելի թանկ կամ ավելի էժան գներով:

«Օրանժ Արմենիա» ընկերության մարկետինգի տնօրեն Արամ Մկրտչյանի խոսքով` հավելյալ ինտերնետի ծավալից` գիգաբայթերի ծավալից կախված iPhone 4 S-ը կարելի է ձեռք բերել անգամ միանգամայն անվճար: