Ռուսական միջմոլորակային կայանը փրկելու շանսերը նվազագույն են. գիտնականները հաշվում են`այն երբ Երկրի վրա կընկնի
Ռուսական «Ֆոբոս-գրունտ» միջմոլորակային կայանը, որին չհաջողվեց դուրս գալ ուղեծիր, նախնական տվյալով` Երկիր մոլորակի վրա կընկնի նոյեմբերի 26-ին: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը`հղում կատարելով ամերիկյան NORAD-ին:
Ներկա պահին կայանը շարժվում է հենակետային ուղեծրով Երկրի շուրջ` 51.4 աստիճան թեքվածությամբ: Երկրից առավելագույն բարձրությունը կազմում է 345 կմ, իսկ նվազագույնը` 213 կմ: Շրջանածիր ժամանաահատվածը մոտ 90 րոպե է (որոշ տվյալներով` 108):
Կայանի արագությունը գնալով թուլանում է և ուղեծրի բարձրությունը`նվազում:
Նոյեմբերի 11-ի գիշերը ռուսական և եվրոպական ռադիոկայանների օգնությամբ փորձեր են կատարվել` Ֆոբոսի հետ կապը վերականգնելու համար, սակայն դեռ ոչ մի արդյունք:
Մասնագետները փորձում են դեպի սարքն ուղարկել այսպես կոչված անմիջական կատարման ենթակա հրամաններ` փորձելով ստիպել կայանի հետագծի չափման համակարգին աշխատել: Հակառակ դեպքում սարքը հնարավոր չի լինի փրկել:
Հայտնի է նաև, որ սարքի արևային մարտկոցները բացվել են, դրա համար էլ ինժեներները մինչև նոյեմբերի 21-ը ժամանակ ունեն:
Բանն այն է, որ դեպի Մարս թռիչքը իրականացվում է միայն Կարմիր մոլորակի և Երկրի միջև առկա որոշակի դասավորվածության ժամանակ, որը տեղի է ունենում 780 օրը մեկ անգամ: Նոյեմբերի 21-ից հետո մոլորակների դասավորվածությունը այլևս հարմար չի լինի միջմոլորակային թռիչք կատարելու համար:
Հիշեցնենք, որ «Ֆոբոս-գրունտ» կայանը չի կարողացել դուրս գալ հետագիծ`դեպի Մարս թռիչք կատարելու համար և մնացել է հենակետային ուղեծրում:










