Երբ տուն վերադառնամ, կպատմեմ հայկական ինտելեկտի մասին. Սթիվ Վոզնյակ

17:14 • 11.11.11

Աշխարհահռչակ ՏՏ ինժեներ Սթիվ Վոզնյակը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի: Վոզնյակն այս մրցանակին արժանացած 2-րդ անձնավորությունն է: 1-ին դափնեկիրը` «Ինտել կորպորացիայի» նախկին նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրեթն էր, որը Համաշխարհային ՏՏ Մրցանակը ստացավ 2010թ.-ի հունիսի 28-ին:

«Նոբելյան մրցանակ համակարգչային ոլորտում գոյություն չունի: Ինձ համար խորհրդանշական է, որ նման մրցանակ սահմանել է Հայաստանի Հանրապետությունը: Ինչու, թերևս այն պատճառով, որ այստեղ կան այն երիտասարդները, որոնք կարող են ստեղծագործել: Իսկ այն փաստը, որ երկրի նախագահն է շնորհում մրցանակը, ընդգծում է դրա կարևորությունը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը:

«Նայելով հայերին` համարում եմ, որ ձեզանից մեկն եմ: Երբ տուն վերադառնամ, կպատմեմ հայկական ինտելեկտի մասին: Շատ դժվար է ասել` մենք Հայաստանն ենք, և ՏՏ ոլորտը հայտարարում ենք գերակա ուղղություն: Բայց Հայաստանն ունի ձգտում: Հայտնի է, որ Հայաստանը շատ բաներից զուրկ է, ուստի պետք է սևեռվի ՏՏ ոլորտի վրա»,- ասաց Վոզնյակը:

Երբ տուն վերադառնամ, կպատմեմ հայկական ինտելեկտի մասին. Սթիվ Վոզնյակ