«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կրկին հովանավորում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը

14:13 • 11.11.11

Այսօր Apple Computer կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը ստանալու է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011թ. մրցանակը:

Մրցանակը ստեղծվել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ:

Վոզնյակը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի Մրցանակի 2-րդ դափնեկիրն է: 1-ին դափնեկիրը` «Ինտել կորպորացիայի» նախկին նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրեթն էր, որը, Համաշխարհային ՏՏ Մրցանակը ստացավ 2010թ.-ի հունիսի 28-ին:

Նախօրեին «Սինոփսիսի» գիտաարտադրական կենտրոնում Սթիվ Վոզնյակը հանդիպել է ՏՏ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ` ՏՏ ոլորտում համաշխարհային զարգացումները, ինչպես նաև Հայաստանում ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ իր տեսլականը ներկայացնելու նպատակով:
Իբրև կորպորատիվ քաղաքացի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն արդեն երկրորդ տարին է ստանձնում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի պարգև» նախաձեռնության աջակցումը:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը նաև մրցանակակրի վերջնական ընտրության համար պատասխանատու ընտրող հանձնաժողովի անդամ է, իր ողջույնի խոսքում նշել է. ««ՎիվաՍել-ՄՏՍ»-ի անունից ջերմորեն ողջունում եմ ՏՏ ոլորտում համաշխարհային հանրության համար զգալի ներդրում ունեցող Սթիվ Վոզնյակին` մեր հայրենիք կատարած այցելության կապակցությամբ: Ուզում եմ հավատալ, որ հայաստանյան Ձեր այցը կլինի ոգևորիչ և հաճելի: Լիովին կիսում եմ նաև Ձեզ հետ հաղորդակցվելու բուհերի ուսանողների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ոգևորությունը: Հայաստանը տաղանդների երկիր է, որի ներուժի բացահայտումը շարունակվում է: Կարևոր է արձանագրել այն փաստը, որ այն, ինչ դեռ երեկ երազանք էր` այսօր իրականություն է դարձել: Հավատում եմ, որ Ձեր հետ շփման տպավորությունը Հայաստանի ՏՏ սեկտորի ներկայացուցիչների, ուսանողների ու գիտական շրջանակների հետ երկար մնա:

Մրցանակը հնարավորություն է ընձեռում մեծ թափ հաղորդելու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև չափազանց կարևոր է համաշխարհային ՏՏ ոլորտում Հայաստանի դրական իմիջը բարձրացնելու առումով: Միաժամանակ` դժվար է գերագնահատել մրցանակի կարևորությունը տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ Հայաստանի երիտասարդների ուշադրությունը հրավիրելու առումով: Այդ էր պատճառը, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն անմիջապես արձագանքեց մրցանակը հովանավորելու առաջարկին: Ընկերության համոզմամբ` պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանն առաջընթաց արձանագրի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Եվ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակն այդ ուղղությամբ կատարվող չափազանց կարևոր քայլ է:

ՏՏ ոլորտին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությունը շարունակական է: Ընկերությունն իր գլխամասային մասնաշենք է հրավիրում բուհերի լավագույն ուսանողներին` աշխատանքային պրակտիկա անցնելու և բուհում ձեռքբերած տեսական գիտելիքներն առկա փորձի հիման վրա գործնական գիտելիքներով հարստացնելու նպատակով: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործունեության հիմքում ընկած է այն համոզմունքը, որ Հայաստանի երիտասարդությունն ունի միտք և տաղանդ, ինչպես նաև զարգացման անսպառ ներուժ: Պարզապես նրանց այդ ներուժն իրացնելու, ինքնադրսևորվելու և ճիշտ ճանապարհը ընտրելու աջակցություն է հարկավոր:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է կարևոր մի գիտակցությամբ. պետք է աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք մեր հասարակությանը կարող են օգնել առաջադիմելու և Հայաստանի բարձր վարկանիշն ապահովելու հարցում»:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կրկին հովանավորում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը