Արտեմ Հարությունյանը խնդրում է Լեզվի տեսչությանը ռմբակոծել եթերը

16:02 • 15.11.11

«20 տարի շարունակ Լեզվի պետական տեսչությունն ինչպե՞ս է թույլ տվել, որ հեռուստատեսությունը, ռադիոն և գովազդը գործեն առանց վերահսկողության: Ամբողջ Երևանը լցված է իտալական անվանումների ցուցանակներով, դրանց ներքո մեր ցնցոտիավոր լեզվի թափառումների պատճառը իրականում մեր տնտեսական թշվառ վիճակն է»,- այսօր իր վրդովմունքը հայտնեց գրականագետ, լեզվաբան, դոկտոր-պրոֆեսոր Արտեմ Հարությունյանը Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանի հետ այսօրվա բանավեճի ժամանակ: Նրա համոզմամբ` հեռուստատեսությունն այն չեզոք գոտին է, որը չպետք է ծառայի փողոցային գռեհկությանը, քանի որ հենց հեռուստատեսությունն է պետական լեզվի ամենաուժեղ տարածողը:

«Լեզվի պետական տեսչությունը անպայման պետք է ունենա մի խումբ կտրիճ տղաներ, որոնք պատասխանատվության կենթարկեն հաստավիզ, ապրանքանիշերը գավառական օտարամոլությամբ գովազդող քյավառցի տղաներին: Խնդրում եմ Լեզվի պետական տեսչությանը ինտենսիվ ռմբակոծության ենթարկել եթերը, հատկապես Կենտրոնական հեռուստաեթերը, որ այն սթափվի: Լեզուն մեր ինքնությունն է, աներևակայելի երջանկություն է, թե ինչ ոսկեղենիկ գանձ է մեզ թողել Մաշտոցը, էլ չեմ խոսում գանձատուն գրաբարի մասին»,- ասաց Արտեմ Հարությունյանը: Նրա համոզմամբ` Լեզվի պետական տեսչությունը պետք է լեզվի մաքրության վերաբերյալ հեռուստատեսային ժամեր ունենա:

Արտեմ Հարությունյանը խնդրում է Լեզվի տեսչությանը ռմբակոծել եթերը