Google-ը հրապարակել է Android 4.0 բջջային հարթակի ելքային կոդը

15:47 • 15.11.11

Android 4.0 Ice Cream Sandwich-ի ելքային կոդն արդեն հասանելի է բոլոր ցանկացողների համար (http://source.android.com/source/downloading.html): Այն ներկայացվել է ս.թ. հոկտեմբերի կեսերին ու նախատեսված է սմարթֆոնների և պլանշետային համակարգիչների համար: Նոր տարբերակը լուծում է օպերացիոն համակարգի մի շարք սխալներ, մասնավորապես համակարգի ֆայլերի չափից ավելի ակտիվ ֆրագմենտացիան, որը դժվարեցնում է հավելվածների աշխատանքը: Ունենալով հարթակի ելքային կոդը՝ մշակողները կարող են ստեղծել ՕՀ-ի տարբեր մոդիֆիկացիաներ:

Նշենք, որ Google-ն առաջին անգամ է հրապարակում պլանշետային համակարգչի համար նախատեսված բջջային հարթակի ելքային կոդը: Android-ի նախորդ տարբերակը՝ Honeycomb-ը, այդպես էլ փակ մնաց, ինչի համար Google-ը բազմիցս արժանացավ քննադատությունների:

Android 4.0-ով աշխատող առաջին սմարթֆոնը Samsung Galaxy Nexus-ն է, որը համաշխարհային վաճառքի կհանվի մոտակա ժամանակում: Ice Cream Sandwich-ով կաշխատեն նաև մի քանի այլ մոդելներ, ինչպես նաև վերջին ամիսներին թողարկված սմարթֆոնների ՕՀ-ն հնարավոր կլինի թարմացնել:

Android-ն ամենատարածված բջջային հարթակն է. ներկա պահին ողջ աշխարհում ակտիվացվել է այս համակարգով աշխատող ավելի քան 190 միլիոն սարք:

PCnews.am

Google-ը հրապարակել է Android 4.0 բջջային հարթակի ելքային կոդը