Facebook-ի օգտատերերը պոռնկագրական հարձակման են ենթարկվել

11:51 • 16.11.11

Facebook-ը ենթարկվել է սպամային հարձակման, որի արդյունքում շատ օգտատերերի լրահոսներում հայտնվել են պոռնկագրական ու վիրավորական նկարներ։ Այս մասին հայտնում է pcnews.am-ը՝ վկայակոչելով Sophos հակավիրուսային ընկերությանը:

«Սպամները տարածվել են վերջին 24 ժամում ու պարունակել են հայտնի աստղերի՝ Photoshop-ով պատրաստված էրոտիկ, պոռնկագրական նկարներ: Տարածվել են նաև սպանված շան լուսանկարներ»,- Sophos-ի բլոգում գրել է ընկերության մասնագետ Գրեհեմ Քլուլին:

Նկարները տարածվել են հենց օգտատերերի կողմից՝ առանց նրանց գիտության: Կիբերհանցագործներին հաջողվել է տարածել սպամը վնասակար ծրագրերի կամ օգտատերերի տվյալները գողանալու միջոցով:

Facebook-ի ներկայացուցիչները հաղորդել են CNN-ին, որ տեղյակ են հարձակման մասին. «Օգտատերերին սպամից և վնասակար կոդերից պաշտպանելը մեր գլխավոր խնդիրն է, մենք անընդհատ աշխատում ենք անվտանգությունը պահպանելու ուղղությամբ»,- հայտարարել է սոցցանցի ներկայացուցիչ Էնդրյու Նոյեսը:

PCNews.am


 

Facebook-ի օգտատերերը պոռնկագրական հարձակման են ենթարկվել