Մեկ տարում մեղվաընտանիքների 50% անկման պատճառը թունաքիմիկատներն ու բջջայիններն են
2010թ մեր երկրում մեղվաընտանիքների 50%-անոց անկում է գրանցվել։ Գրեթե նույն խնդիրն է առկա մի շարք եվրոպական երկրներում։ Խնդրին է անդրադարձել «Ար» հեռուստատեսության «Ազդարար» լրատվականը։
«Մեղուն մի հատ լավ ախպեր ա՝ խոպան գնացած, որ աշունը գալիս ա, քեզ փող ա տալիս՝ անվերադարձ ու առանց տոկոսի»,- ասել է մեղվապահ Նորայր Սիմոնյանը։ Նա հաշվարկել է, որ մեկ փեթակից ստացվում է մոտ 22 կգ մեղր, որից իր բաժինը վերցնում է, մեղվին թողնում 8կգ. ամբողջ ձմեռ հերիք է։
Մեղվապահների համար մտահոգության առիթ է գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածքներում և պտղատու այգիներում առատորեն օօգտագործվող թունաքիմիկատը։ «Իմ խնձորենին քո մեղվին վնաս չի» սկզբունքով հարևան այգետերերը ծառերն են մշակում թունաքիմիկատով հենց այն ժամանակ, երբ ծաղիկը դեռ նորաբաց է, և մեղուն պիտի ծաղկափոշի հավաքի։ «Ծառ ունեցողը չի նայում, մեղուն կգա-կնստի, թե չէ, ինքը իրա բուժումն ա անում»,- ասել է մեղվապահը։
«Ասում են նաև բջջային հեռախոսների ու ինտերնետային կապերի պատճառով ա»,- նշել է նա։ «Պարզվել է, որ երեք րոպեից ավելի բջջային հեռախոսով խոսելը ուղեղի ջերմաստիճանը բարձրացնում է երկու աստիճանով, ինչն էլ ուղեղի քաղցկեղի առաջացմանն է նպաստում։ Մեղուն, ինչպես և մարդը կրում է այդ ճառագայթահարման ազդեցությունը և քանի որ նրա ուղեղում տեսողական կենտրոնը վնասվում է, նա դժվար է կողմնորոշվում տեղանքում»,- ասել է կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բաջինյանը։ Ըստ նրա՝ մեղուները յուրօրինակ միջատներ են, որ մագնիսականությամբ են օժտված։ Նրանք էլեկտրամագնիսական ալիքներով են որոշում նաև մարդու տրամադրվածությունը և հաճախ խայթում նրա՝ իրենց համար պոտենցիալ առավել վտանգ ներկայացնող մասերը՝ դեմքն ու ձեռքերը։
Մեղուների վերացումը մարդկության վերացումը կարող է նախանշել. ասել է Ալբերտ Էյնշտեյնը՝ հիմնավորելով, որ այս միջատների միջոցով է կատարվում գյուղատնտեսական մշակաբույսերի մեծ մասի փոշոտումը։ Հետևաբար, ըստ գիտնականների, այս միջատի վերացումը կարող է հանգեցնել պարենային լուրջ աղետի։










