Կիբերանվտանգությունը` ԵԱՀԿ մոդել համաժողովի ուշադրության կենտրոնում

13:24 • 18.11.11

Երևանում այսօր մեկնարկած երկօրյա ԵԱՀԿ մոդել համաժողովի ընթացքում Հայաստանի մոտ 60 ուսանողներ սկսել են քննարկել և բանակցել գլոբալիզացված աշխարհում կիբերանվտանգության կարևորության և ԵԱՀԿ հնարավոր գործողությունների շուրջ:

ԵԱՀԿ մոդել համաժողովը սիմուլյացիոն խաղ է, որի ընթացքում ԵԱՀԿ որոշում կայացնող գլխավոր մարմնի` Մշտական խորհրդի աշխատանքը կրկնօրինակվում է ուսանողների կողմից, որոնք խաղում են ԵԱՀԿ մասնակից պետությունների և մարմինների ներկայացուցիչների դերերը: Նախաձեռնության նպատակն է կրթել ուսանողներին ԵԱՀԿ-ի մասին և նրանց հնարավորություն տալ գործնականում անմիջականորեն փորձարկելու միջազգային դիվանագիտության մարտահրավերները:

Այս անգամ, համաժողովի մասնակիցները կքննարկեն և կառաջարկեն մի շարք գործողություններ, որպեսզի լուծեն «Ստվեր» ինտերնետային խմբավորման կողմից առաջացած մարտահրավերը, որը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը` զգալի վնաս հասցնելով ԵԱՀԿ հիպոթետիկ մասնակից պետություններին` Կարտոնիային, Սայլանդիային և Լոտիկոյին:

«Մեր փոխկապակցված աշխարհում ԵԱՀԿ մասնակից պետությունների մարդիկ և հաստատություններն ամեն հարցում ապավինում են ինտերնետին: Մենք ակնկալում ենք լսել նորարարական գաղափարներ և թարմ տեսակետներ կիբերսպառնալիքներին հակազդելու հնարավոր ուղիների վերաբերյալ. հարց, որը գտնվում է ԵԱՀԿ օրակարգի թիրախում»,- ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան: «Միևնույն ժամանակ, կիբերհանցագործությունների դեմ պայքարի միասնական մոտեցման ձևավորումը պահանջում է դիվանագիտական և բանակցային հմտությունների կիրառում, որը հանդիսանում է ԵԱՀԿ նախաձեռնության ևս մեկ նպատակ»:

Համաժողովից առաջ մասնակիցներն անցել են հանրային խոսքի և բանակցային հմտությունների դասընթացներ, ինչպես նաև մասնակցել են ԵԱՀԿ-ի, միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ու կիբերհանցագործությունների մասին թեմատիկ սեմինարների:

ԵԱՀԿ գործող նախագահի դերը խաղացող Նվարդ Սունունուն ասել է. «Այս սիմուլյացիոն վարժությունը միաժամանակ ծառայում է երեք նպատակի` այն ներկայացնում է ԵԱՀԿ-ի դերը միջազգային հարաբերություններում, տեղեկացնում է երիտասարդներին որոշակի խնդրի մասին և նրանց համար եզակի հնարավորություն է ապահովում սովորելու ու զարգացնելու բանավիճելու, բանակցելու և հանրային խոսքի հմտությունները»:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակն անց է կացնում ԵԱՀԿ մոդել համաժողովներ՝ սկսած 2008թ.:

 

 

Կիբերանվտանգությունը` ԵԱՀԿ մոդել համաժողովի ուշադրության կենտրոնում