«Նիգերական նամակներից» ավելի ու ավելի շատ են խաբվում. հանցագործների զենքը ձեր դյուրահավատությունն է

23:43 • 18.11.11

Սփամ-նամակները տարեկան համաշխարհային տնտեսությանը հասցնում են 130 մլրդ դոլարի վնաս։ Հայաստանում ևս ավելացել են կիբերհանցագործությունները, թեպետ հստակ վիճակագրություն չկա. հաճախ ուղղակի տուժողներն այս մասին չեն բարձրաձայնում։ Այս խնդրին է անդրադարձել «Ար» հեռուստատեսության «Ազդարար» լրատվականը։

«Բարև, ես ստացել եմ մեծ ժառանգություն, որը իմ երկրից ստանալ չեմ կարող։ Խնդրում եմ, ինձ փոխանցիր քո հաշվեհամարը, և ես իմ ժառանգության կեսը կտամ քեզ». կիբերհանցագործների այսօրինակ խոստումներից թե ողջ աշխարհում, և թե մեր երկրում ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են խաբվում։ Օգնություն խնդրող և խոստումներ չխնայող նամակները հայտնի են՝ որպես «նիգերական նամակներ»։ Դրանցով կարող են շնորհավորել ձեզ, թե դուք իրենց կայքի միլիոներորդ այցելուն եք կամ շահել եք լոտո Իսպանիայում, կամ էլ ժառանգություն եք ստացել. դրանք աշխատում են օգտատիրոջ դյուրահավատության վրա։

Ոստիկանության Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ Վահագն Հարությունյանը նշել է. «Օգտատերը, որն առաջին անգամ է նման բան ստանում, իհարկե, շահավետ առաջարկից միանգամից փողի հոտ առնելով, փորձում է դրան ինչ-որ կերպ արձագանքել»։

Կիբերհանցագործությունից տուժածներից մեկը պատմել է. «Ինձ առաջարկեցին, որ ես մի խաղ խաղամ. սկզբում ես պիտի իրենց հիսուն դոլար փոխանցեի իմ հաշվեհամարից, իսկ իրենք պիտի հարյուր դոլար փոխանցեին»։ Գայթակղիչ խաղը սկզբում շատ լավ է ընթացել, և տուժողը մի քանի անգամ իր գումարը բազմապատկել է։ Սակայն հետո, երբ արդեն ստուգել է իր հաշվեհամարը, տեսել է, որ գումար չկա բոլորովին, իսկ հաշվեհամարը սառեցված է։ Խաբված օգտատերը մտադիր է Հայաստանի ոստիկանության կողմից գումարը վերադարձնելու հույսը կոցնելու պարագայում դիմել Եվրոդատարան։

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիորսյանի կարծիքով, սակայն, շատ փոքր է հավանականությունը, որ այդ գումարը կվերադարձվի, քանի որ հանցագործները ոչ թե Հայաստանից են աշխատում, այլ ունեն ողջ աշխարհով սփռված բավական ակտիվ ցանց։ Նրանք տիրապետում են տվյալների մեծ բազայի, և այդ նամակները ցրում շատ մեծ քանակով։ Իսկ դրանք ստացող, ասենք, «50 միլիոնից մի հազար հոգի հաստատ դրա հետևից կգնա. եթե մարդա հարյուր դոլար տա, արդեն 100 հազար դոլար ա, քիչ չի, էլի,- ասել է Մարտիրոսյանը,- պոչը գտնելը շատ դժվար ա»։

Ըստ Վահագն Հարությունյանի՝ դժվար է, բայց անհնարին չէ, քանի որ անդրսահմանային նման դեպքերը բացահայտում են այլ պետությունների հետ միջհամաձայնեցված պայմանագրերով։ 2011թ բացահայտվել է հինգ-վեց նման հանցագործություն. տուժողներին են վերադարձվել իրենց գումարները։

Մասնագետները խորհուրդ են տալիս նման հանցագործությունների զոհը չդառնալու համար շատ չուրախանալ, երբ ձեզ անվանական շնորհավորանք է գալիս, և չհավատալ, երբ առաջարկում են մեծ-մեծ գումարներ, չտրամադրել անձնական տվյալներ, խոստումների հույսով չանել փոխանցումներ, ինչպես նաև սահմանափակել երեխաների՝ համացանցից օգտվելու հնարավորությունը։
 

«Նիգերական նամակներից» ավելի ու ավելի շատ են խաբվում. հանցագործների զենքը ձեր դյուրահավատությունն է