Երևանում մեկնարկեց Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի գիտաժողովը
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիայի տարածաշրջանային առաջին գիտաժողովը: Մասնակիցները բացմանը կարևորեցին նմանօրինակ գիտաժողովների նշանակությունն ու ներդրումը երկրի առողջապահության ոլորտի զարգացման և ժամանակին համընթաց շարժվելու գործում:
Կազմակերպիչների խոսքով` վերջին տարիներին Հայաստանի օրենսդրական դաշտում կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնք հնարավորություն են ստեղծել բժշկական միջամտությամբ իրականացնել օրագանների փոխպատվաստում:
«Մենք պետք է կարողանանք օգտագործել բոլոր ռեսուրսները` մարդկային կյանքը փրկելու և կյանքը երկարացնելու համար: Եվ ես ուրախ կլինեմ, որ «Արաբկիր» համալիրը չլինի միակը Հայաստանում, այլ բազմաթիվ գործընկերներ կարողանան կատարել այն պատվաստումները, այն բուժման մեթոդները, որոնք անհրաժեշտ են արյան հիվանդությունների, օնկոլոգիական հիվանդությունների, գենետիկ տարբեր խնդիրներ ունեցող պրոբլեմների ժամանակ: Եվ վստահ եմ, որ առաջին այս գիտաժողովը դռներ կբացի մեր ապագայի համար»,- նշեց ԱԺ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Հիշեցնենք , որ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը Հայաստանում ստեղծվել է 1999 թվականին։ Հիմնադրամի շահառուներն են լեյկոզով և արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդները, ոսկրածուծի դոնորները: Գործունեության 11 տարիների ընթացքում Ռեեստրին անդամագրվել է 20 հազարից ավելի դոնոր, որից 5576-ը` Սփյուռքից: Այդ ժամանակաշրջանում Հայաստանից և աշխարհի տաբեր երկրներից դիմած 2153 հիվանդի համար նախնական համընկնող 1780 դոնոր է հայտնաբերվել, որոնցից 11-ը արդեն նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:










