Երևանում բացվեց ԱՊՀ-ում առաջին ինտերնետ կենտրոնը կույրերի և վատ տեսնողների համար
Կույր և վատ տեսողություն ունեցող անձինք այսուհետ ունեն ինտերնետ հասանելիության կենտրոն: Այսօր «Հայփոստ»-ի շենքի առաջին հարկում (Սարյան 22 հասցեում) բացվեց ինտերնետ կենտրոնը: Կենտրոնի բացման ներկա տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն ասաց, որ ԱՊՀ երկրների տարածքում սա առաջին նմանատիպ կենտրոն է, այն ապահովված է անհրաժեշտ սարքավորումներով և հնարավորություն կընձեռի տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց հաղորդակցվել աշխարհի հետ:
Ինտերնետ կենտրոնը հագեցած է մեկ ինտերակտիվ գրատախտակով և 15 համակարգչով, որոնք ունեն բրալյան ստեղնաշար, մոնիտոր և տեսախցիկներ, որոնք վերարտադրում են տեքստը ձայնային տեսքով։ Սարքավորումներն արժեցել են մոտ 100.000 դոլար։ Անհրաժեշտ սարքավորումներն անվճար տրամադրել է Հեռահաղորդակցման միջազգային միությանը:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանի խոսքով` 15 համակարգիչներից 5-ը նախատեսված են ընդհանրապես տեսողություն չունեցողների համար, մնացածը վատ տեսողություն ունեցողների համար։ Կենտրոնի այցելուները կարող են օգտվել Բրալի համակարգից և տեսաձայնային ռեժիմից: Սաղյանի խոսքով` համակարգիչներն աշխատում են դեռևս միայն անգլերեն և ռուսերեն լեզուներով, իսկ առաջիկայում իրենք նախատեսում են նաև հայերեն լեզվով ծրագրեր ներմուծել, որպեսզի համակարգիչները նաև հայերենով աշխատեն:
Կենտրոնը աշխատելու է բոլոր աշխատանքային օրերին և անվճար է։
Նշենք, որ կենտրոնը բացվել է տրանսպորտի և կապի նախարարության, Հեռահաղորդակցության միջազգային միության ԱՊՀ երկրների տարածաշրջանային բաժնի (ITU)և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտի նախաձեռնությամբ։
«ՀայՓոստ» ընկերությունը տրամադրել է սրահը, իսկ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ ինտերնետ միացումը և ադմինիստրատորների։
Նշենք, որ Հայաստանի կույրերի միավորման կազմակերպության տվյալների համաձայն, Հայաստանում գրանցված են 2200 կույր և վատ տեսողություն ունեցող անձինք:










