Հերպեսի հաճախակի ակտիվացման պատճառը գեներն են
Մարդկանց մեծամասնության մոտ ժամանակ առ ժամանակ շրթունքի վրա հերպես է առաջանում, սակայն ոմանք շատ ավելի ծանր են տանում այս հիվանդությունը: Գիտնականները պարզել են, որ տենդաբշտիկների առաջացման պատճառը ժառանգական հակումներն են: Այս մասին գրում է WebMD-ն:
Յուտայի բժշկական համալսարանի վարակաբան` Ջոն Քրեյզելը իր գործընկերների հետ բացահայտել է այսպես կոչված «մեղավորին»` C21orf91 գենը: Սակայն հերպեսի դեպքերի միայն 21 տոկոսի պատճառն է այս գենը, մնացած դեպքերում այն կարող է առաջանալ, օրինակ, արևից, քամուց, վնասվածքներից կամ սթրեսից:
Մարդիկ, ովքեր հաճախ են հիվանդանում, բուժվում են հակավիրուսային միջոցներով:
Կատարված բացահայտումը ապագայում թույլ կտա մարդկանց շրջանում նախապես որոշել ռիսկային խումբը և մշակել նոր թերապիա, որը ոչ միայն կկրճատի վիրուսի ակտիվության տևողությունը, այլև կկանխի գենի գործունեությունը:










