«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը աջակցում է ՏՀՏ ոլորտում երկարաժամկետ զարգացմանը նպաստող ծրագրերին
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխամասային գրասենյակում այսօր համատեղ ասուլիս են հրավիրել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Ասուլիսը նպատակ ուներ ամփոփ ներկայացնելու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործունեությունն ու իրականացված ներդրումները` Հայաստանում տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների (ICT) զարգացման ոլորտում, ինչպես նաև տեղեկացնելու գալիք 2012 տարվա ծրագրերին: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում իրականացվող ծրագրերի հիմնական գործընկերը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է: Հայաստանի առաջատար բջջային օպերատորը հաստատակամ է այս ոլորտի հետագա զարգացման հարցում՝ վստահ լինելով, որ դա երաշխավորելու է երկրի առաջընթացը: Տեղեկատվության և հաղորդակցության ոլորտին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությունը համակարգային, համապարփակ և շարունակական բնույթ է կրում, ներառում է մի շարք ուղղություններ` ապահովելով սիներգետիկ էֆեկտ: 2011-ին, այս բնագավառում իրականացվող ծրագրերի աջակցության նպատակով, ընկերությունը կատարել է ավելի քան 100 մլն դրամի ներդրում:
Բջջային օպերատորը գիտակցում է, որ տեղեկատվության և հաղորդակցության ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առանցքային առաջնահերթություններից է, և որ այս ոլորտի ինքնապահովող և երկարաժամկետ զարգացում երաշխավորող նախաձեռնությունների աջակցությունը կնպաստի նաև հասարակության զարգացմանը` ապահովելով Հայաստանի համար համաշխարհային բարձր վարկանիշ:
Այս ուղղությամբ կարևոր քայլերից մեկը «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի» կազմակերպման հովանավորությունն է: «ՎիվաՍել-ՄՏՍ» և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունները հավատում են, որ մրցանակը Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը նոր թափ հաղորդելու հնարավորություն է և չափազանց կարևոր է` աշխարհի մակարդակով տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում Հայաստանի դրական վարկանիշն ամրապնդելու առումով: Մրցանակի ընձեռած հնարավորությունն անգերագնահատելի է նաև մեր երիտասարդ հայրենակիցների շրջանում ոլորտի հանդեպ հետաքրքրություն սերմանելու առումով:
Երկրի ապագան պայմանավորում է կրթությունը: Հատկապես` երբ այն առանցքային դեր է խաղում երկրի մրցակցային առավելությունն ապահովելու համար: Հետևաբար, անհրաժեշտ է խրախուսել ստեղծագործական մտածելակերպը և նոր բացահայտումների ձիրքը:
Արդեն երկրորդ տարին «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ստանձնում է Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի գլխավոր հովանավորությունը, որի կազմակերպիչը կրկին «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է:
Օլիմպիադայի նպատակն է Հայաստանում միկրոէլետրոնիկայի հետագա զարգացումը երաշխավորելը` բացահայտելով երիտասարդ, տաղանդավոր կադրեր, ինչպես նաև մեծացնելով երիտասարդ մասնագետների շրջանում այդ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը նշանակալի ներդրումներ է կատարել նաև տեղեկատվության ու հաղորդակցության ոլորտում կառավարման որակի բարձրացման գործում: Ընկերությունը հավատացած է, որ արդյունավետ կառավարումը մեր երկրի ապագա աճի համար առանցքային գործոններից է, հատկապես` երբ խոսքը վերաբերում է տեղեկատվության և հաղորդակցության ոլորտին: Ընկերությունը աջակցության ձեռք է մեկնել նաև ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող` «ՏՏ ոլորտում լավագույն մենեջեր» ամենամյա մրցանակի նախաձեռնությանը: Ամենամյա մրցանակը նպատակ ունի բարձրացնելու ՏՏ ոլորտում աշխատող հայ մենեջերների մասնագիտական որակը, ինչպես նաև բարելավելու աշխատանքային գործընթացների կազմակերպումը և կառավարումը:
Այս նախագծի շնորհիվ, ՏՏ ոլորտի հայաստանյան տարբեր ընկերությունների մենեջերներ հնարավորություն են ստանում որակավորման դասընթացներ անցնել աշխարհի լավագույն համալսարաններում:
Տեղեկատվության և հաղորդակցության ոլորտը հայտարարված է Հայաստանի տնտեսության գերակա ուղղություններից մեկը, ինչը նշանակում է, որ սերտ համագործակցային կապեր պետք է հաստատվեն նախևառաջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հայաստանյան ընկերությունների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության ոլորտի ձեռնարկությունների միջև: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության կողմից կազմակերպվող «ԴիջիԹեք» ամենամյա ցուցահանդեսը կարևոր քայլ է` գնահատելու նոր տեխնոլոգիաների հայաստանյան շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը: Ցուցահանդեսը ուրույն հարթակ է հայաստանյան ընկերությունների համար, որտեղ նրանք հնարավորություն են ստանում պոտենցիալ սպառողներին ներկայացնելու իրենց արտադրանքը, ինչպես նաև լրացուցիչ հնարավորություն է ստեղծում համագործակցության համար: Ցուցահանդեսի մյուս նպատակը միջազգային համագործակցությանը նպաստելն ու Հայաստանի վարկանիշն ապահովելն է: Արդեն մի քանի տարի է, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «ԴիջիԹեք» ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է և ակտիվ մասնակիցներից մեկը:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կարևոր է համարում տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում բիզնեսի նոր և ներդրումային հնարավորությունների բացահայտմանն ուղղված ջանքերը, և «ԱրմԹեք» կոնգրեսը այդ նպատակին հասնելու ուղիներից մեկն է: ՀՀ կառավարության աջակցությամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության, «Վիասֆեր տեխնոպարկի», Զարգացման հայկական գործակալության, ՏՏ ձեռնարկությունների միության և «Յունիքոմփ» ընկերության համատեղ ջանքերով կազմակերպվող կոնգրեսը նպատակ ունի Հայաստանում ապահովելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման շարունակականությունը, խրախուսելու ներդրումների աճը, ամրապնդելու միջազգային գործարար կապերը և բացահայտելու ներդրումային նոր հնարավորություններն ու ստեղծելու ընդլայնված մասնագիտական ցանց:
«Տեղեկատվության և հաղորդակցության ոլորտում Հայաստանի զարգացմանը նպաստելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի վճռականությունը բխում է պարզ և անհերքելի ճշմարտությունից. գիտական պոտենցիալը ամենաթանկ կապիտալն է: Այն պետք է ուղղորդել այնպես, որպեսզի երաշխավորվի երկրի զարգացման համար առավելագույն արդյունքը: Ամենաարդյունավետ ուղիներից մեկը տեղեկատվության և հաղորդակցության ոլորտի զարգացումն է: Սա այն ոլորտն է, ուր կա ապագայի, տնտեսական աճի, ազգային նվաճումների, աշխատատեղերի ապահովման, ինչպես նաև համաշխարհային բարձր վարկանիշ երաշխավորելու չօգտագործված հսկայական ներուժ»,- ընդգծել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Տեղեկատվական եվ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կենսական նշանակություն ունի Հայաստանում գիտահեն տնտեսության կառուցման համար», - ասել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: ««Սինոփսիս» և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունների համագործակցությունն ուղղված է Հայաստանում այդ ոլորտի զարգացմանր և երկրում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթի զարգացմանն ուղղված ջանքերի միավորման փայլուն օրինակ է»:
Տեղեկատվության և հաղորդակցության հատվածի մրցունակության մյուս նախապայմանը բարձր որակավորմամբ մրցունակ կադրերի առկայությունն է, ինչի ապահովումը ևս առաջնային տեղ է զբաղեցնում ընկերության ծրագրերում: Զարգացման հեռանկարները կախված են երիտասարդ սերնդի մասնագիտական պատշաճ մակարդակից: Այդ իսկ պատճառով, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, «Սինոփսիս Արմենիա»-ն և «Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա» հիմնադրամը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որի նպատակը Հայաստանում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ասպարեզում կրթության խթանումն է: Այս համագործակցության շնորհիվ շրջանավարտները պատրաստ կլինեն արդյունավետ աշխատանք ապահովել ոլորտում:










